Արդեն մի քանի օր է Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի հայ համայնքի ներկայացուցիները դժգոհում են Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչության կայացրած որոշման պատճառով: Ըստ որոշման՝ փակվելու է Վաչե և Թամար Մանուկյան ավագ դպրոցը: Դժգոհություններն ուղեկցվում են բողոքի երթերով և դասադուլներով: Բողոքներին մասնակիցում են ավելի քան 500 ուսանող, ծնողներ, ուսուցիչներ, աշխատակիցներ, ինչպես նաև բազմաթիվ աջակիցներ:
Տեղի հայերի կարծիքով որոշումը հակահայկական է, ուստի մտահոգվելու տեղիք է տալիս: Ըստ նրանց՝ այն կնպաստի հայ համայնքի տրոհմանն ու լուծարմանը: «Այն հպարտ կդարձնի Թալեաթ փաշային»,- նշել է դպրոցի Ծնողների աջակցության խմբի անդամ Մարո Նաջարյան Յակուբյանը՝ կարծիք հայտնելով, որ երեխաները ստիպված հաճախելու են ամերիկյան դպրոցներ:

Նշենք, որ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության «Մանուկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի փոխանցմամբ, Փասադենայի դպրոցը միավորվելու է քույր դպրոցի՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հետ: Այս որոշումը, սակայն, չի փարատում ցուցարարների մտահոգությունները, քանի որ այն գտնվում է բավականին հեռու և այնտեղ հասնելու համար մոտավորապես 45 րոպե է անհրաժեշտ, ինչը հավելյալ դժվարություններ ու անհարմարություններ է պատճառելու թե՛ ծնողներին, թե՛ սովորողներին:

Տեղեկացնենք, որ ՀԲԸՄ-ն իր այդ քայլին դիմելու պատճառն արդարացնելու և բացատրելու համար հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ խորհուրդը հասկանում է մարդկանց նախնական մտահոգությունը, ուստի ամեն-ինչ անում է մեկ դպրոցից մեկ այլ դպրոց երեխաների անցումը սահուն ապահովելու համար.
«Բազմաթիվ գործոններ են հանգեցրել այս որոշման ընդունմանը ներառյալ` գրանցումը մերժելը և դեֆիցիտների աճը»,- նշված է հայտարարության մեջ՝ մեկնաբանելով, որ երկու դպրոցների միավորումը հնարավորություն է ընձեռնում ավանդական կրթության վրա կենտրոնանալու և դպրոցը վերածելու համայնքային և մշակութային կենտրոնի:

Հիշեցնենք, որ սա ՀԲԸՄ-ի կողմից Սփյուռքի հայկական համայնքներում հայկական կրթարանների փակման առաջին դեպքը չէ: 2014 թվականին միությունը կասեցրել էր նաև հայ համայնքի համար կարևոր դեր ու նշանակություն ունեցած ևս մեկ ուսումնական հաստատության՝ Կիպրոսի Մելքոնյան դպրոցի աշխատանքը: Այն Կարապետ և Գրիգոր Մելքոնյանները հիմնադրել էին 1926 թվականին Հայոց ցեղասպանությունից տուժած երեխաների համար:

«Դպրոցը բացելով ես կլուծեմ իմ ազգի վրեժը․ թուրքերը փորձեցին վերացնել մեզ, բայց այս որբերը պիտի շարունակեն վերակառուցել մեր հայրենիքն ու դառնալ մեր նոր առաջնորդները»,- ասել էր Կարապետ Մելքոնյանը  «Մելքոնյան» դպրոցի հիմնադրման ժամանակ։

Աննա Ավետյան