Ռուսաստանի ադրբեջանցիների միության համակարգող խորհուրդը և Ադրբեջանի համաշխարհային մշակութային հիմնադրամը (WACF) հայտարարություն է տարածել՝ պահանջելով արգելել «Արցախ» պետական ​​համույթի համերգը Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում:

Տեքստում նշվում է, որ դա «սադրանք» է, քանի որ համույթի անվանումը «քարոզում է համանուն չճանաչված ռեժիմը Ադրբեջանի տարածքներում»:

«Մենք բողոքում ենք և խնդրում համապատասխան կառույցներին վերջ տալ հերթական սադրանքին Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում: «Արցախ» ստեղծագործական համույթը չի կարող ելույթ ունենալ Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանցիները նաև կարծում են, որ համույթի համերգի անցկացումը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համաձայնագրերի ոգուն և չի համապատասխանում երկու երկրների շահերին:


Նամակն ուղղված է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին, Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովին, Սիմֆերոպոլի քաղաքապետ Ելենա Պրոցենկոյին: