Հոկտեմբերի 31-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով Արտակ Ղազարյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Խորեն Բարխոյանն ազատվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետ է նշանակվել Արամ Ղարիբյանը, ով Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ազատվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի պաշտոնից։ Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Աշոցքի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի պետի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Իսկ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Արթուր Բդոյանը նշանակվել է ոստիկանության Ամասիայի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարության պետ Սևան Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Դավիթ Սարգսյանը նշանակվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արթուր Խաչատրյանն ազատվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից։