Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Էմիլ Թ-ն իր վարած Toyota Corolla մակնիշի 07 NA 707 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Հրազդան գետում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված ականատեսներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մի քանի թափառող շները, քանի որ վարորդը շներին չհարվածելու համար փորձել է խույս տալ, սակայն, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հայտնվել է գետում։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպանների միջոցով դուրս բերվեց գետից և տեղափոխվեց անվտանգ վայր։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com