Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ իր համար տհաճ է դատարանին համոզել, որ փախչող չէ, որ ճնշում չի բանեցնելու որևէ վկայի վրա, որ դա անող չէ, որ չի կարող անել և այլն: Նա հայտարարել է նաև, որ ինքն ամենից շահագրգռվածն է, որ լինի արդար դատաքննություն: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարան են ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ հերթական միջնորդությունը: Դրանց հաշիվն արդեն երևի թե կորել է: Ի՞նչ է դա՝ պաշտպանական մարտավարություն, որով թիմը ձգում է դատավարությունը, երկարաձգելով դրա ընթացքում հնարավոր անհարմար պահեր, թե՞ խնդիրն այլ է, և Ռոբերտ Քոչարյանն այլևս չի դիմանում ազատազրկման հոգեբանական ճնշմանը, թեև հայտարարում էր, որ պատրաստ է նույնիսկ զրկվել ազատությունից, բայց ոչ սկզբունքներից և քաղաքական համոզումներից: Որովհետև, եթե երկրորդ նախագահը իրապես դրան պատրաստ է, համարում է, որ անարդարության զոհ է և քաղբանտարկյալ, ապա, թերևս, ուղղակի հայտարարությամբ հրաժարվում է կալանքից դուրս գալու միջնորդություններից, հերոսաբար ստանձնում քաղբանտարկյալի կարգավիճակն ու ձեռնամուխ լինում դատավարության ընթացքին՝ ցույց տալու համար մեղադրանքի շինծու լինելը, ինչպես ինքն է հավաստիացնում և ինչպես ինքն է հայտնում դատավարության ընթացքի հարցում ամենաշահագրգռված լինելը:

Որովհետև ներկայումս, կարծես թե, հենց ինքն է տարբեր պատճառներով ձգում դատավարության ընթացքը: Հետևաբար, նա իրականում շահագրգռված չէ դատավարության ընթացքով, կամ էլ այդքան էլ պատրաստ չէ ազատազրկված մնալուն: Ի դեպ, այդ ամենը ամենևին չի նշանակում, որ, եթե տեսականում դիտարկենք հանիրավի հետապնդում, ապա Քոչարյանը պետք է աչք փակեր ու լռեր այդ մասին: Բայց խնդիրն այն է, որ հերոսական այն կեցվածքը, որով երկրորդ նախագահը ներկայանում է դատարանում, ենթադրում է թերևս որոշակի այլ պահվածք, վարքագիծ, ինչի մասին նշեցինք ավելի վերևում: Ի վերջո, դա հաստատ առավել սոլիդ քաղաքական շրջանակ կհաղորդեր քաղբանտարկյալության տրամաբանությամբ պաշտպանվելու նրա փորձին: Միևնույն ժամանակ, ամեն գնով կալանքից ազատվելու Ռոբերտ Քոչարյանի ձգտումն ուշագրավ է այսօր դատարանում նույն գործով անցնող մեղադրյալի կարգավիճակ ունեցող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարության ֆոնին: Օհանյանը, պաշտպանելով երկրորդ նախագահի միջնորդությունը, հայտարարեց, որ սա փաստորեն երեք նախագահներին առնչվող գործ է, և Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն ազատության մեջ են, իսկ Քոչարյանը՝ կալանքի տակ: Այստեղ գործի սահմանումն ինքնին հետաքրքիր է, դրան կանդրադառնանք այլ առիթով: Ուշագրավ է, թե ի՞նչն է պայմանների անհավասարությունը՝ ըստ նախկին նախարար Օհանյանի՝ զուտ ֆիզիկակա՞ն վիճակը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը զրկված է ինչ-որ կարևոր մի պաշտպանական ռեսուրսից, և երկրորդ նախագահն էլ ամեն կերպ ձգտում է ազատության հենց այդ կարևոր ռեսուրսին հասնելու համար, որը հասանելի է Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի համար:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am