Նոյեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին՝ Սարդարապատ ընթանալի․ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վթարված ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են ատրճանակ և «Տիր» տեսակի հրացան, որոնք ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից առգրավվել են։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորը Ոստիկանության զորքերի ծառայող է։