Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւանում իր հայաստանցի գործընկերոճ հետ մամուլի ասուլիսին, անդրադառնալով բանակցությանն Արցախի մասնակցության հարցին, արել է ուշագրավ հայտարարություններ: Նա մասնավորապես ասել է, որ Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ որ փուլում Հայաստանի ղեկավարներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախին:

Խոսքն ըստ ամենայնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: ՌԴ արտգործնախարարը փաստացի մատնացույց է անում, որ բանակցությունից Արցախի դուրս մնալու որոշման պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է:

Կհամաձայնի՞ երկրորդ նախագահը ՌԴ արտգործնախարարի հետ, թե՞ կվիճի: Բանն այն է, որ ՌԴ արտգործնախարարը փաստացի, անուղղակի, սակայն վիճելի է համարում Ռոբերտ Քոչարյանի այդ որոշումը: Համենայն դեպս, Լավրովը նշում է, որ բանակցությանն Արցախի մասնակցության հարցը կողմերի փոխհամաձայնության հարցն է, իսկ միջնորդները ընդամենն ընդունում են այն: Նախկինում էլ Լավրովն այդ թեմայի վերաբերյալ նշել է, որ միջնորդները չեն որոշում, թե ով լինի բանակցության կողմ:

Միաժամանակ, Լավրովը խոսել է Հայաստանի վարչապետի հայտարարության մասին, ըստ որի Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Լավրովը նշել է, թե «դժվար է վիճել դրա հետ»: Այսինքն, ՌԴ արտգործնախարարը «դժվար վիճելի» դիտարկելով Փաշինյանի մոտեցումը, փաստացի վիճելի է համարում «Հայաստանի ղեկավարներից մեկի որոշումը»՝ Արցախը բանակցությունից դուրս թողնելու առումով:

Միեւնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը նախկինում անհամաձայնություն է հայտնել այն գնահատականին, թե ինքն է դուրս թողել Արցախը: Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցները պատասխանել են, որ Արցախը բանակցությունից դուրս է մնացել իրականում դեռեւս Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանից:

Բուն խնդիրն անշուշտ այստեղ այն չէ, թե ով է դուրս թողել Արցախը: Ի վերջո, արցախյան հարցում 25-ամյա բացասական քաղաքական-դիվանագիտական ժառանգության համար պատասխանատու է Հայաստանի իշխանությունն ամբողջությամբ, քանի որ երեք նախագահները շարունակել են մեկը-մյուսին, ինչի հետեւանքը եղել է այն, որ ընդհանուր տրամաբանությամբ հայկական կողմի հանդեպ մշտապես եղել է տարածք հանձնելու պահանջը, ընդհուպ այսպես կոչված կազանյան պլան, որի մասին խոստովանել է Սերժ Սարգսյանը:

Ներկայում, Արցախի բանակցություն վերադառնալու հանգամանքը հայկական կողմի համար մարտավարական լուծում է՝ 25-ամյա այդ ժառանգությունից ձերբազատվելու բավականին բարդ ճանապարհին, որտեղ կարեւոր է մի կողմից հայկական ռազմավարական խնդրի՝ այլ կերպ ասած Արցախի հաղթանակի ամբողջական պահպանումը, մյուս կողմից նախորդ քառորդ դարի բանակցային տրամաբանությունից այնպես դուրս գալը, որը փակուղային իրավիճակ չստեղծի համանախագահների համար:

Ի վերջո, այդ քառորդդարյա ծուղակից դուրս գալու հարցում նրանք հայկական կողմի համար գործընկեր են ու դաշնակից, մի շարք հարցերում հակասականությամբ եւ հարաբերականությամբ հանդերձ:

 Նյութի աղբյուրը՝ lragir.am