երնատուն ակումբի նիստը հայտարարվել էր որպես կարեւոր քայլ Հայաստանի կառավարությանն ընդդիմադիր ուժերի միավորման ճանապարհին: Նիստից մի քանի օր առաջ Վազգեն Մանուկյանը հրաժարական էր տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից: ՀՅԴ-ն ցույցեր է սկսել իր կարծիքով ապազգային որոշումների դեմ, ՀՀԿ-ն պիկետ է անցկացրել ԱԳ նախարարի հրաժարականի պահանջով: Նիստից մեկ օր առաջ Միքայել Մինասյանը ծրագրային հոդված է հրապարակել՝ Վերնատան նիստն անվանելով պայքարի սկիզբ եւ սահմանելով ուղղությունները:

Նիստից հետո Վազգեն Մանուկյանը լրագրողներին ասել է, որ գարնանը կվերադառնա քաղաքականություն, երբ կվերակենդանացնի իր Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը: Ըստ երեւույթին, ամեն ինչ նախատեսվածի պես չի ստացվել:

Հավաքված կոնտինգենտն ապակողմնորոշված թոշակառուների տպավորություն էր թողնում, որոնք փորձում են հիշեցնել իրենց մասին: Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամները խոսում էին երկրորդ նախագահի քաղաքական հետապնդման մասին: Դաշնակցության ներկայացուցիչները խոսում էին նոր իշխանության ապազգային քաղաքականության մասին՝ դրանում տեսնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մատը: ՀՀԿ նախկին պատգամավորները խոսում էին ղարաբաղյան թեմայով՝ նախազգուշացնելով, որ ընթացիկ քաղաքականութունը կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման: Դավիթ Շահնազարյանը նույնպես մտահոգ էր Ղարաբաղով:

Մի խոսքով, ամեն մեկը խոսում էր իր ցավի մասին: Վազգեն Մանուկյանին թերապեւտի դեր էր հատկացված, եւ նրա համար դժվար էր ախտորոշել. նա լսեց բոլորին ու խոստացավ վերադառնալ գարնանը՝ բոլորին բարի ձմեռում մաղթելով: Հնարավոր է, հոգու խորքում նա փոշմանել է, որ ֆալստարտ է արել ու հեռացել Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնից:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am