«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի բանկերի հետ մի քանի տասնյակի հասնող դատական գործերի մեջ է ներգրավված գործարար Գևորգ Աֆանդյանը:

Ավելին, տարբեր լրատվամիջոցներում պարբերաբար գնահատականներ են հնչում, որ Աֆանդյանը որոշել է իր բոլոր խնդիրները լուծել՝ բանկերին դատի տալու ու գումարներ ստանալու ճանապարհով։ Մասնավորաբար, Աֆանդյանը փորձում է 22 մլն դոլար ստանալ ԱյԴի (նախկինում՝ «Անելիք») բանկից:

Ըստ տարբեր տեղեկությունների, Աֆանդյանին իր ուշագրավ գործունեության մեջ, ինչպես նաև դատական այս գործընթացներում աջակցել ու աջակցում է ՀՀ նախկին նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը: «Փաստի» հարցին, թե արդյո՞ք սրա հետ կապված իրենք ունեն փաստեր, ԱյԴի բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշեց՝ իրական փաստեր, ապացույցներ այս պահին ձեռքի տակ չունեն։

«Լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ կան գործարարի՝ նախկին և նույնիսկ ներկա պաշտոնյաների հետ կապերի և հարաբերությունների մասին։

Բնականաբար, մենք էլ ենք դրանց տեղյակ։ Վստահ ենք, որ նոր Հայաստանում նույնիսկ հզոր հովանավորների և պաշտոնյաների աջակցությամբ հնարավոր չէ նախկին գործելաոճն ապահովել և ինչ-որ խնդիրներ ու հարցեր լուծել։

Լիահույս ենք, որ դատական այս գործընթացում արդարությունն այլընտրանք չունի»,- ասաց Աբրահամյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: