SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 16-ին տեղեկություն էր հրապարակել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն Նազիկ Հովհաննիսյանը կասկածվում է յուրացում կատարելու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 18-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Վարդենիսի բաժին են հրավիրել 46-ամյա Արփենիկ Զաքարյանին, ով հայտնել է, որ 2017 թվականի օգոստոսի 7-ին Ն. Հովհանիսյանը դպրոցում իրեն հրամանագրել է որպես դաստիարակ, սակայն ինքը 2017 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսը ոչ մի անգամ աշխատանքի չի հաճախել, իսկ դրա փոխարեն տնօրենը յուրացրել է դրա դիմաց իր անվամբ դուրս գրված 600 հազար դրամ աշխատավարձը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդենիսի ոստիկանները նույն օրը ոստիկանություն են հրավիրել Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Սեյրան Սարկիսյանին, ով նույնպես ոստիկանությունում խոստովանել է, որ տնօրեն Ն. Հովհաննիսյանը 2018 թվականի նոյեմբերի 1-ից իրեն հրամանագրել է որպես կաթսայատան օպերատոր, սակայն ինքը նույնպես աշխատանքի չի հաճախել, իսկ իր անվամբ դուրս գրված շուրջ 720 հազար դրամ աշխատավարձը տնօրենը յուրացրել է։ Նշված 2 փաստերով ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղում տնօրենին ավելի շատ դիմում են «Լեքսուսով տիկին», քանի որ տնօրեն նշանակվելուց հետո նա կարճ ժամանակում սկսել է դպրոց հաճախել սպիտակ գույնի Lexus-ով։ Այստեղ են ասում՝ «Մաշնես եկա՜վ, հո՜պ, յարո ջան, ակները կլոր...»։

Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն Ն. Հովհաննիսյանն է