ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը բռնություն է գործադրել Վարդավառի ժամանակ իր մեքենայի վրա ջուր լցրած աղջնակի նկատմամբ, իսկ նրա հորը հետո կանչել է իր ամառանոց և հրամայել ծնկաչոք ներողություն խնդրել դեպքի ժամանակ միջամտելու համար։

 ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում մեղադրանք է առաջադրվել Կարեն Գասպարյանին` ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք` Վարդավառի ժամանակ Կոտայք գյուղի երեխաները ջրել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր` Կարեն Գասպարյանի մեքենան։

«Քննության տվյալներով՝ Կ.Գասպարյանը, համայնքի մյուս բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, ակնհայտ արհամարհանք դրսևորելով, ցուցադրական կերպով ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի միջնամասում` խոչընդոտելով երթևեկությունը, իջել ավտոմեքենայից և ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խուլիգանական դրդումներով աղմկել է, վիրավորել անչափահասին, այնուհետև նաև բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ»,– ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Աղջնակի հայրը, պատշգամբից ականատես լինելով միջադեպին, Կ.Գասպարյանից պահանջել է անհապաղ թողնել երեխային և հեռանալ, սակայն Գասպարյանը հայհոյել է երեխայի հորը, ապա փորձել բռնություն գործադրել նաև նրա նկատմամբ, բայց վեճը դադարել է հավաքվածների միջամտությամբ:

Սակայն Կ.Գասպարյանը, չհանդուրժելով տեղի ունեցածը, նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, երեխայի հորը հրավիրել է իր ամառանոց, որտեղ իր որդու և վերջինիս երկու ընկերների ու ամառանոցի պահակի, ինչպես նաև տուժողի եղբոր որդու և հարևանի ներկայությամբ, երեխայի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել՝ իրեն հակադրվելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննության ընթացքում Կ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: