Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 124-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Արտակ Սարգսյանի վարած Nissan Bluebird Sylphy 43 NN 334 համարանիշի և 50-ամյա Մայիս Այդինյանի վարած Mercedes մակնիշի 33 PՏ 969 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներ Ա. Սարգսյանը, Մ. Այդինյանը, վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 45-ամյա Նիկոլայ Այդինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercede -ի վարորդն ու մահացած ուղևորը հարազատ եղբայրներ են:

Ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ քարշակով տեղափոխվեցին ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: