Հայ ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանը, ով մեղադրվում է դրամական միջոցների վատնման և լվացման մեջ, Մոսկվայի քաղաքային դատարանում հրաժարվել է մասնակցել իր կալանքի բողոքարկող նիստին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Ես ինձ շատ վատ եմ զգում, հազիվ այստեղ եմ հասել: Ես վստահում եմ իմ փաստաբաններին և կարծում եմ, որ նրանք առանց ինձ գլուխ կհանեն», - ասել է Հայրապետյանը:
Մեղադրյալի պաշտպան Գենրի Ռեզնիկը, իր հերթին, նշել է, որ գերբարձր էմոցիոնալ ծանրաբեռնվածության պայմաններում Հայրապետյանի հիվանդությունը կարող է նոր նոպա հրահրել կամ ավելի ծանր հետևանքներ ունենալ:
Սակայն դատարանը վճռել է, որ դատական նիստը չի կարող անցնել առանց Հայրապետյանի:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ՌԴ հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու և անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Մոսկվայի Բասմանի դատարանը քննիչի միջնորդությամբ Հայրապետյանին կալանավորել է մինչև սեպտեմբերի 15-ը: Հայրապետյանը չի համաձայնել տվյալ որոշման հետ և բողոքարկել է այն Մոսկվայի քաղաքային դատարանի վերաքննիչ ատյանում: