Ինքնասպանություն գործած զինծառայող Մուշեղյանը Տանձատափի վարչական ղեկավարի տղան է. նա ապագա իրավաբան էր։
Երեկ առավոտյան ինքնասպանություն գործած զինծառայող Վահան Մուշեղյանը լավ ծառայության համար մի քանի շնորհակալագիր էր ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը` հայտնելով, որ տղան Տանձատափ համայնքի բնակիչ է (Տանձատափը ներառված է Տաթև` խոշորացված համայնքի ցանկում, Սյունիքի մարզ)։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 26–ի առավոտյան Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Վահան Մուշեղյանի դին ` ծառից կախված վիճակում։
«Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Վահանը մեկնել է ծառայության։ Բոլորս ցնցված ենք դեպքից, քանի որ թե՛ Վահանն է գոհ եղել ծառայությունից, թե՛ հրամանատարական կազմը։ Հրամանատարական կազմը միշտ շնորհակալություն է հայտնել Վահանի ծնողներին` նման լավ զինվոր բանակին տալու համար»,–ասաց Սիմոնյանը։
Տաթև համայնքի ղեկավարը պատմեց նաև, որ Վահանն ապագա իրավաբան էր` ընդունվել էր Երևանի պետական համալսարան ու զորակոչվել բանակ։ Սիմոնյանը նշեց` տղան ուսման հանդեպ սեր ուներ, սակայն սիրում էր նաև գյուղի բան ու գործով զբաղվել, բաղ-բոստանը մշակել, հորն օգնել։
Վահանն իրենից մեծ մեկ քույր և եղբայր ունի. քույրը սովորել, ամուսնացել ու ընտանիքով ապրում է ՌԴ–ում, իսկ եղբայրն ուսանող է, դեռ սովորում է։
«Վերջերս Վահանը դեռ արձակուրդ չէր եկել, քանի որ ծառայության մեկ տարին 2020–ի հունվարին էր լրանալու. սպասում էին նրա արձակուրդին։ Սակայն Վահանի եղբայրը երեկ կամ երեկ չէ առաջին օրը զորամաս է գնացել, եղբորն այցելել։ Ասում էր` Վահանը «լավացել» էր, լրիվ հարմարվել. ոչ մի դժգոհություն չի հայտնել եղբորը»,–ասաց Սիմոնյանը։
Ի դեպ, Վահան Մուշեղյանը Սյունիքի մարզի Տանձատափ համայնքի վարչական ղեկավարի որդին է։
Հիշեցնենք, որ Վահանը 19 տարեկան էր, բանակ էր գնացել 2019-ի 1–ին զորակոչի ժամանակ, Սյունիքի զինկոմիսարիատից։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։