Ընդունված է համարել, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, ծարավ է փոփոխությունների, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ փոփոխությունները տեղի չեն ունենում: «Հայկական Ժամանակ» օրաթերթում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Գերիշխող կարծիքն այն է, որ երկրում ոչինչ չի փոխվում ժողովրդից անկախ պատճառներով`վատ իշխանություն, կեղծված ընտրություններ, ծախված ընդդիմություն և այլն: Արդեն տասնամյակներ է՝ բաղձալի փոփոխությունները տեղի չեն ունենում, և բոլորը շարունակում են դրա համար մեղավորներ փնտրել, դժգոհել, իրենց սև օրն անիծել, ի վերջո հեռանալ երկրից:

Մի քանի օրից Նոր տարի է: Հայաստանում ծնված-մեծացած յուրաքանչյուր ոք գիտի, թե ինչ հսկայական ծանրություն է թաքնված այս պարզ նախադասության տակ: Ով էլ որ չգիտի, ընդամենը պետք է կարճատև այց կատարի «Երևան Սիթի» սուպերմարկետ և առաջին հինգ գերծանրաբեռնված զամբյուղները տեսնելով՝ ամեն ինչ կհասկանա:

Եթե մի քանի օրից Նոր տարի է, նշանակում է Հայաստանում բոլորը սնունդ են գնում. աննկարագրելի քանակությամբ սնունդ: Դա անում են նրանք, ովքեր փող ունեն, նրանք, ովքեր փող չունեն, բոլորը առանց բացառության: Եվ բոլորը առանց բացառության դժգոհում են այդ իրավիճակից: Ավելորդ է նույնիսկ ձևակերպել, թե ամանորյա եռուզեռի վերաբերյալ ինչ կարծիք ունեն մարդիկ: Դրանք մեծ սթրեսի օրեր են. ֆիզիկական և հոգևոր սթրեսի: Բոլորն իրենց պարտավորված են զգում սեղանին ունենալ միանգամից ամեն ինչ`4-5 տեսակի աղցան, 4-5 տեսակի տաք ուտեստ, դեսերտ, կաթնամթերք, ձկնեղեն, քաղցրեղեն, չարազեղեն, չրեղեն, կանաչեղեն, բանջարեղեն: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Բոլորն իրենց պարտավորված են համարում այցելել ինչ-որ մարդկանց, ընդունել ինչ-որ մարդկանց: Յուրաքանչյուր եկած հյուրի հետ մի պատառ ուտել, մի բաժակ խմել, յուրաքանչյուր գնացած տանը մի պատառ ուտել, մի բաժակ խմել:

Որևէ բանական էակ չի կարող չընդվզել այդ իրավիճակի դեմ, որովհետև մարդկությունը անհիշելի ժամանակներից գտել է սնվելու բանաձևը: Դա բոլոր ժողովուրդների համար մեկն է` նախաճաշ, ճաշ, ընթրիք: Ընդ որում, մեր նախնիները մշակել են նաև, թե հատկապես ինչն է լավ նախաճաշի համար, ինչը՝ ճաշի, ինչը՝ ընթրիքի: Կարելի է, իհարկե, մի օր մեծ խնջույքի մասնակցել, այդ երեկո մեծ քանակությամբ ուտել-խմել: Բայց նույնիսկ այդ դեպքում վերոնշյալ ռիթմը չի խաթարվում, որովհետև խնջույքները տեղի են ունենում հիմնականում ընթրիքի ժամին, և մինչ այդ մասնակիցները սովորականի նման նախաճաշած և ճաշած են լինում:


Ամանորին նախորդող շաբաթը, Նոր տարվա առաջին շաբաթը և դրան հաջորդող ևս երկու շաբաթը Հայաստանում իշխում է բոլորովին այլ, մարդկությանն անհայտ սննդակարգ: Մինչեւ դեկտեմբերի 31-ը համարվում է սնվելու հարցում գլխառադ անելու և գնումների արդյունքում սառնարանում հայտնված ամեն ինչ պահելու շրջան: Օրգանիզմն արդեն դուրս է գալիս իր բնականոն հունից և ընկնում սթրեսի մեջ: Հունվարի 1-ից սկսած՝ այդ բոլոր պահած մթերքները, կապ չունի՝ դեսերտ են, միրգ, ճաշ թե նախաճաշ, միաժամանակ հայտնվում են սեղաններին: Ընդ որում, եթե քո տան սեղանին կա x թվով համեղ ուտելիք, ապա բոլոր այն տներում, որտեղ կլինես, կարող ես հանդիպել այն ամենին, ինչ քո տանը չկա, և եթե օրվա մեջ մի քանի տուն այցելես, աչքդ կտեսնի այդ սեզոնին հնարավոր և անհնար ամեն ինչ: Աչքը տեսածից մի-մի պատառ համտեսելն էլ արդեն մեծ մարտահրավեր է:

Թե սա ինչ սթրես է օրգանիզմի համար, կարող են մասնագիտորեն բացատրել սննդաբանները: Բայց նախաամանորյա ասուլիսների և հաղորդումների ժամանակ այս խնդիրները չեն էլ բարձրացվում: Փոխարենը բոլորը զգուշացնում են, որ չի կարելի երեք օրվա հնության աղցաններ ուտել և թունավորվել:

Սթրեսը, սակայն, այսքանով չի ավարտվում: Մոտ 10 օր տևած այսպիսի լիությունից և անկանոն ու անսահմանափակ սնվելուց հետո օրգանիզմի համար վրա է հասնում սովի ժամանակաշրջանը: Այն, որ հունվարի վերջին միջին վիճակագրական ընտանիքում նույնիսկ հաց գնելու գումար չի գտնվում, հայտնի ճշմարտություն է: Ահա այսպես ֆիզիկապես և հոգեպես հոգնած, նախ գերծանրաբեռնված, ապա քաղցած ստամոքսով Հայաստանի բնակչությունը հրաժեշտ է տալիս հին տարուն և մտնում Նոր տարի: Եվ չգիտես ինչու, տարիները փոխվում են, իսկ Հայաստանի խնդիրները մնում են նույնը, կյանքը այդպես էլ չի լավանում, արդարություն չի հաստատվում, կոռուպցիան չի վերանում, ընտրություններով իշխանություն չի փոխվում:

Իսկ գուցե Հայաստանի բնակչությունը ոչ թե դժգոհ է և ձգտում է փոփոխությունների, այլ ընդամենը խոսում է դրա մասին: Հենց այնպես, հավաքույթների ժամանակ խոսելու նյութ ունենալու համար: Այնպես, ինչպես հենց այնպես դժգոհում է Ամանորը դիմավորելու ծայրահեղ սթրեսային սովորույթից, բայց ոչինչ չի անում դա փոխելու համար:

Նոր տարին թեթև, առանց աշխարհի տակի ուտելիքների, առանց տնետուն գնալու պարտավորությունների, ընդամենը խմիչքով, սառը խորտիկներով, երաժշտությամբ, նվերներով, զվարթ և ուրախ զրույցներով անցկացնելու համար ազատ և թափանցիկ համապետական ընտրություններ պետք չեն: Դա ընտրություն է, որ կամ կայացվում է, կամ ոչ: Առայժմ այդ ընտրությունը չի կայացվում, ինչի համար հնարավոր չէ մեղադրել ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը: Ու թերևս Հայաստանում մեծ փոփոխություններ չլինեն այնքան ժամանակ, քանի դեռ ամանորյա արձակուրդներն անցկացնելու ոճն ու իմաստը չփոխվի, իսկ Նոր տարին չսկսվի առողջ մարմնում առողջ հոգով: