Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև քննչական խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ Արման Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 41-ամյա Ռազմիկ Շ.-ի և 37-ամյա Վարդուհի Ն.-ի դիերը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են, իսկ նրանց մահացած վիճակում հայտնաբերել է տղայի մայրը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուրը՝ shamshyan.com