«Ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե մեկ ամիս առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ընդունել օրենք «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին»: Սարգսյանն առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայությանը այլընտրանք ստեղծել, որը հնարավորություն կտա զինակոչիկին մուծել 10 մլն դրամ և երկու տարվա փոխարեն ծառայել մեկ ամիս:
Եվ ահա, ԱԺ Փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի պետ Անի Մութաֆյանը ներկայացրել է իրենց պատրաստած փորձաքննական եզրակացությունը: Փաստաթղթի հեղինակները չեն մերժում նման օրենքի ընդունումը, ուղղակի իրենց կողմից առաջարկում են. «Նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանությունն ապահովելու նպատակով արագացված ընթացակարգով զինվորական ծառայության համար սահմանել այնպիսի չափանիշներ, որոնք հնարավորություն կտան Օրենքին համապատասխան այդ ծառայությունը լիարժեքորեն դիտարկել որպես զինվորական ծառայություն և դրանով իսկ ապահովել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցած անձանց կողմից ՀՀ պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության կատարումը»:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԱԺ ղեկավարությունը սկզբունքորեն դեմ չէ արագացված ընթացակարգով զինվորական ծառայությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: