Ինչպես հայտնի է, 2019 թվականին վարչական վարույթ էր հարուցվել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ընկերության դեմ: Խնդիրն այն էր, որ «Օմսկվինպրոմ» ընկերության հեղինակային իրավունքներն էր խախտել Ալեքսանյանի ընկերությունը, մասնավորապես` «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող օղիներ էր արտադրել եւ իրացրել, ինչի համար «Ալկո Իմպորտ Էքսպորտ»-ը 16 207 000 դրամ տուգանվել էր՝ որպես պատասխանատվության միջոց:
ԳԱԼԱ-ն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվել է, թե նախատոնական այս օրերին ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովն ինչ աշխատանքներ է իրականացրել, որպեսզի «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ընկերությունը չշարունակի «Օմսկվինպրոմ» ընկերության եւ գուցե նաեւ այլ ընկերությունների հեղինակային իրավունքները խախտել:
ՀՀ ՏՄՊՊՀ-ն ունի՞ արդյոք տեղեկություններ, թե Սամվել Ալեքսանյանի ընկերության կողմից խախտման մասին հրապարակումներից եւ տուգանքից հետո, առեւտրի ու սպասարկման օբյեկտներում չե՞ն վաճառվում վերոհիշյալ խախտումներով օղիներ:
Ի պատասխան ԳԱԼԱ-ի հարցման, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը հայտնել է, որ բացի «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշանների օգտագործման համար պատասխանատվության միջոց կիրառելուց, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ընկերությունը տուգանվել է նաեւ «STUMBRAS» ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման օղիներ արտադրելու համար:
«Հանձնաժողովի կողմից ալկոհոլային խմիչքների շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում ընկերության կողմից արտադրված «STUMBRAS», «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիներ չեն հայտնաբերվել»,-նշում է Գեղամ Գեւորգյանը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը միեւնույն ժամանակ հայտնում է, որ հանձնաժողովը չի հանդիսանում անձանց մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն կամ այդ իրավունքների խախտումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին, իսկ տնտեսվարող սուբյեկտների անհատականացման միջոցների օգտագործման դեպքերին անդրադառանում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ՝ անբարեխիղճ մրցակցության գործողության առկայության հարցի պարզման տիրույթում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունն էր գրություն ուղարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը՝ ներկայացնելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերը, ըստ որոնց, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում է «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող խմիչք:
Նյութիա ղբյուրը՝ galatv.am