Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Պաշտպանը նաև ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այդ մասով, նշելով, որ պաշտպանության կողմը համաձայն չէ նաև այս որոշման հետ.
«Ճիշտ է՝ պաշտպանության կողմը համաձայն չէ նաև այս որոշման հետ, քանի որ խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր, բայց այնուամենայնիվ պետք է փաստենք, որ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց անձին արգելանքի տակ պահելու հարցը լուծելիս։
Թող մյուս դատավորներն էլ իրենց մեջ հաղթահարեն նախաքննական մարմինների /ՀՔԾ/ ու դատախազության հանդեպ ունեցած վախը, հանձինս նրանց, ովքեր սրանից երկու օր առաջ, նույն պայմաններում նույն մեղադրյալին թողել էին կալանքի տակ, և այսուհետ կայացնեն օբյեկտիվ որոշումներ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել:
Նշենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:
Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս: