Թերթը անդրադարձել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու համար կազմակերպվող ստորագրահավաքին, որը պետք է սկսվեր երեկ առավոտյան ժամը 10-ին Թումանյան–Հյուսիսային պողոտա խաչմերուկում՝ արձանագրելով, որ այն այդպես էլ չի սկսվել։
«Նախօրեին, երբ մեր թղթակիցն այցելել էր Արարատյան հայրապետական թեմ, անգամ նրանից էին հետաքրքրվել, թե ովքեր են սույն միության ներկայացուցիչները։ Ուշագրավ է, սակայն, որ երեկ, ողջ օրվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց գտնել միությունից որևէ մեկին։ Կճոյանին կարգալույծ անելու նախաձեռնությունը սույն միության առաջին հրապարակային միջոցառումն էր։ Հայտարարության մեջ, որպես նախաձեռնող նշված էր ոմն Հովհաննես Ղահրամանյանի անուն, ով ներկայացված էր որպես Երևանի պետական համալսարանի շրջանավարտ և ում գլխավորությամբ էլ տեղի էր ունենալու ստորագրահավաքը։ Սոցիալական ցանցերում, որտեղ տարածվել էր հայտարարությունը, ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղահրամանյան անունով օգտատեր, սակայն, մենք այդպես էլ չհայտնաբերեցինք։ Եվ ուրեմն, ինչ կարող էր տեղի ունեցած լինել, ինչու տապալվեց ստորագրահավաքը, ուր կորան նախաձեռնության անդամները ու դրա գլխավոր նախաձեռնողը։
Սոցիալական ցանցերում երեկ զանազան վարկածներ էին հնչում։ Նախ, կարծիք հնչեց, որ հայտարարությունը պարզապես կատակ էր։ Հայաստանում, սակայն, վաղուց նման կատակներ չեն անում։ Բոլորն էլ մեր երկրում գիտեն, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարող է շատ արագ հայտնաբերել, թե որտեղից է դուրս եկել հայտարարությունը, ովքեր են դրա հետևում կանգնած։ Ըստ շրջանառվող վարկածներից մեկի էլ, նման նախաձեռնություն իրականում գոյություն չունի և հայտարարության հետևում կանգնած է Ամենայն հայոց կաթողիկոսը, ով նտատակ ունի փոխել Նավասարդ արքեպիսկոպոսին, քանի որ նա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի պաշտոնում տեսնում է իր եղբորը՝ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին։ Այս վարկածը, սակայն, այնքան էլ տրամաբանական չէ, քանի որ Ռուսաստանի թեմը բավական հարուստ թեմ է և հաշվի առնելով, որ Ներսիսյան եղբայրները այնքան էլ անտարբեր չեն նյութական բարիքների հանդեպ, դժվար թե նրանք նման մտադրություն ունենան։ Իրականում Ամենայն հայոց կաթողիկոսն ու Նավասարդ Կճոյանը սերտ հարաբերություններ ունեն և կաթողիկոսը երբեք Կճոյանին չի հարվածի, նրանք գործում են միասին։ Ամենահավանական վարկածը, թերևս, մեկն է. հասկանալի է, որ օֆշորային աղմկոտ պատմության հետ առնչություն ունեցող, իր հակումներով հանրության շրջանում սկանդալային համբավ վայելող Կճոյանին կարգալույծ անելու նպատակով ստորագրահավաքը մեծ ակցիայի էր վերածվելու։ Հիշեցնենք, որ նախաձեռնության հեղինակները դեռ նախօրեին էին հայտարարել, որ արդեն ավելի քան 2500 ստորագրություն հավաքել են։ Իսկ երեկ ժամադրության վայրում հավաքված մարդիկ փորձում էին ճշտել, թե որտեղ է ընթանում ստորագրահավաքը։ Չի բացառվում, որ նախաձեռնության հեղինակը հայտնվել է Ազգային անվտանգության նկուղում, իսկ նրա facebook–յան էջը փակել են տվել, կամ էլ, նրան, ինչպես նաև միության մյուս անդամներին այնպես են ահաբեկել, որ «կորել» են։ Համենայնդեպս, մեր ուժային մարմինների համար չէր կարող առանձնակի բարդություն ներկայացնել նման «վտանգավոր սադրիչներին» արագ գտնելն ու լիկվիդացնելը։
Հ.Գ. Երեկ կրկին զանգահարեցինք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին՝ ճշտելու՝ տեղյա՞կ է նա, թե ովքեր էին նախաձեռնության հեղինակները և որտեղ են հիմա նրանք գտնվում։ Հիշեցնենք, նախօրեի մեր փորձերը՝ հանդիպել արքեպիսկոպոսին, ապարդյուն էին անցել անպատասխան էին մնացել նաև մեր հեռախոսազանգերը։ Երեկ զանգահարեցինք «փակ համարից»։ Պարզվեց՝ «փակ համարներին» արքեպիսկոպոսը պատասխանում է։ Նա, սակայն, լսելով թերթի անունը, հայտարարեց. ««Հայկական ժամանակին» ասելիք չունեմ, աղջիկ ջան, կներես ինձ»»,– գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։