Էթնիկ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, forumopera.com-ը տեղեկացնում է, որ երկու արտիստները պետք է միասին ելույթ ունենային փետրվարի 7-ին՝ Dresden opera ball-ում:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նաև աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
«Ու՞ր ենք հասել… ազգությամբ ադրբեջանցի, սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ երգիչ Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,-նշել է Հասմիկ Պապյանը: