Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի շահերը ներկայացնող Ֆրանսիական Agence Massis Opéra համերգային գործակալությունը ապացույցներ է ներկայացրել առ այն, որ 2020-ի փետրվարին կայանալիք Դրեզդենյան օպերային պարահանդեսին Semper Operaball-ի կազմակերպիչները հետաքրքրված են եղել երգչուհու ելույթով։
Agence Massis Opéra-ի հայտարարության մեջ նշվում է, որ սոպրանո Ռուզան Մանթաշյանի անունով 2019-ի սեպտեմբերին Դրեզդենյան պարահանդեսին մասնակցելու հրավերք է եկել, և կողմերի միջև նամակագրությունը շարունակվել է մինչև 2020-ի հունվար։
«Հունվարի 10-ին մենք ստացանք վերջին գրավոր հաղորդագրությունն առ այն, որ Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը չեղարկվում է, քանի որ Յուսիֆ Էյվազովը, քաղաքական նկատառումներով, չի ցանկացել նրա հետ ելույթ ունենալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
В Agence Massis Opéra-ում նշում են, որ այս իրավիճակը կարող է պայմանավորված լինել Հանս Յոախիմ Ֆրեի գլխավորած Semper Operaball ընկերության հետ թյուրըմբռնմամբ , և Massis Opéra-ի հասցեին հնչեցրած մեղադրանքները որևէ հիմք չունեն։
Դեկտեմբերի 13-ին լուր էր տարածվել, որ Էյվազովը հրաժարվել է մեկ բեմում հանդես գալ հայ երգչուհու հետ: Ավելի ուշ սակայն երգիչը հերքել էր այս տեղեկությունները՝ պնդելով, թե իր քաղաքական հայացքները չեն կարող ազդել մասնագիտության և գործընկերների հետ հարաբերությունների վրա: