Հունվարի 16-ին կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներ Արթուր Ղազարյանի, Տիգրան Օհանջանյանի, Արման Մուրադյանի ծնողներն ու հարազատները: Զոհված զինծառայողներից մեկի՝ Արթուր Ղազարյանի մայրն ասաց. «2 տարի է իմ տղայի սպանության գործը տեղից չի շարժվում: Իբրև թե կարճումից գործը հանել են, բայց ոչ մի լիարժեք քննություն չեն ուզում տանել՝ ո՛չ քննիչները, ո՛չ դատախազությունը, ո՛չ Հայկ Գրիգորյանը: Մենք փաստերը դեմ ենք տալիս, իրենք կոծկում են: Երևի իրենց ամուր զինվոր է պետք, տանում են, զինվորի գլուխն ուտում են, օրգանները հանում վաճառքի: Բիզնես են անում՝ հա՛մ արյան վրա, հա՛մ երիկամների: Տարիներ շարունակ Ռիտա Սարգսյանը երիկամ էր վաճառում: Նվեր էր տալիս, որտեղից էր տալիս, այդ երիկամը ծառի վրա էր աճո՞ւմ: Հիմա եթե իմ տղայի գործը չի բացահայտվում, ես ինչքանո՞վ եմ համոզված, որ իմ տղայի՝ Արթուր Ղազարյանի երիկամները տեղում են եղել, երբ ես նրան հողին եմ հանձնել»,- ասաց զինծառայողի մայրը:
Մեկ այլ զոհված զինծառայողի՝ Տիգրան Օհանջանյանի մայրն էլ նշեց, որ իրենց ասվել է՝ քննություն է լինելու:
«Ոչ մի փաստաթուղթ չենք ստացել: Որպես տուժողի իրավահաջորդ իրավունք ունենք իմանալու՝ ինչ գործողություններ են արվում»,- նշեց նա:
Զոհված զինծառայող Արման Մուրադյանի մայրն էլ ավելացրեց. «Ի վերջո վարչապետը զինվոր որդի ունի, կինը զինվորի մայր է»: