Ֆրանսիայի ազգային տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը երկրի ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:

 

Մեծարգո պարոն Նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ:

Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական և միջազգային կառույցների շրջանակներում ձևավորված սերտ համագործակցությունը, տարբեր ոլորտներում հաստատված դինամիկ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված ամուր փոխգործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ առավել կամրապնդվեն:

Վերստին շնորհակալություն եմ հայտնում այն հետևողական ջանքերի համար, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման, համագործակցության զարգացման: Ս. թ. հունիսի 18-ին Էնիսկիլենում Ձեր, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների կողմից արված համատեղ հայտարարությունն այդ կարևոր ջանքերի ևս մեկ արտահայտությունն է:

Մեծարգո պարոն Նախագահ,

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա նոյեմբերին մեր հանդիպումը Փարիզում և սիրով սպասում եմ Ձեզ պետական այցով հյուրընկալելու Հայաստանում` համոզված լինելով, որ այն նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը և մեր ժողովուրդների բարեկամության խորացմանը:

Կրկին շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթելով Ձեզ հաջողություններ, իսկ ֆրանսիացի ժողովրդին` բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը: