ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից վարչապետի նոր թեկնածու փնտրելու մասին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջարկին: Այս մասին Սիմոնյանն ասել է «Ազատություն» ռ/կ-ի եթերում:
«Անլուրջ եմ վերաբերվում առաջարկին, որովհետև վարչապետը ոչ միայն կուսակցության, այլև ամբողջ ժողովրդի թեկնածուն է, որովհետև ընտրվել է հարյուր հազարավոր մարդկանց կողմից: Պարոն Վանեցյանին առաջարկում եմ դուրս գալ փողոց, Օպերայի հարակից հրապարակում այդ առաջարկը անել, և տեսնել, թե քաղաքացիներն ինչպես կարձագանքեն»,- ասել է Սիմոնյանը:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանի նշանակմանը, Ալեն Սիմոնյանը նշել է, որ Վանեցյանի թեկնածությունն ինքն է առաջարկել վարչապետին, և այսօր ցավում է, որ նման իրավիճակ է ստեղծվել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առաջարկել էր իրենց շարքերում վարչապետի նոր թեկնածու գտնել:

Մանրամասները՝ տեսանյութում: