«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ 2019-ի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանին: Ուշագրավ է, որ պաշտոնը 10 ամիս անց դեռ թափուր է։ Կառավարությունից ասացին, որ մրցույթ է հայտարարված։
Հարց է ծագում՝ եթե հարմար թեկնածու չունեին, ինչո՞ւ են մարդուն ազատել աշխատանքից։ Բանն այն է, որ Մալխասյանի հայրը՝ արդարադատության նախկին փոխնախարար Գեւորգ Մալխասյանը, Օպերայի եւ բալետի թատրոնի իրավաբանական խորհրդատուն է եւ ամեն ինչով աջակցել է Կոնստանտին Օրբելյանին, երբ իշխանությունը որոշել էր նրան ազատել տնօրենի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Օրբելյանը կոլեկտիվի հետ համառ պայքար մղեց, դիմեց դատարան եւ հաղթեց։ Կառավարությունում որոշել են, որ իրենց դեմ մարտնչող Գեւորգ Մալխասյանի որդին չի կարող աշխատել վարչապետի աշխատակազմում։ Մենք կապվեցինք Հայկ Մալխասյանի հետ, հարցրինք, թե ինչ պատճառով է աշխատանքից ազատման դիմում գրել։ «Ինտերվյու չեմ տալիս»,- ասաց նա։
Խնդրեցինք ընդամենը 1 հարցի պատասխանել՝ ճի՞շտ է, որ հեռացել է, քանի որ հայրը պաշտպանել է Օրբելյանի շահերը։ Նա, լսելով Կոնստանտին Օրբելյանի անունը, անջատեց հեռախոսը՝ հաստատելով մեր տեղեկությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում