Հունվարի 31-ին հայտնի է դարձել, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի իրեն ուղղված նամակը վարչապետ Փաշինյանը հասցեագրել է գլխավոր դատախազություն, որն էլ, իր հերթին, նամակը հասցեագրել է ԱԱԾ, Հոկտեմբերի 27-ի անջատված մասով քննությանը ներգրավելու համար: 27-ի գործի անջատված՝ կազմակերպիչների մասի քննության վերաբացման հնարավորության մասին հայտնի դարձավ որոշ ժամանակ առաջ, երբ դատախազությունը բավարարեց այդ մասով գործը կարճելու դեմ տուժողների իրավահաջորդներից Անահիտ Բախշյանի դիմումը: Պատկերացնելի է Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման, այսպես ասած, ներքաղաքական և մեդիաէֆեկտը, անգամ հնարավոր «թեզիսները», որոնք կշրջանառվեն այդ գործընթացում: Այդ համատեքստում էլ Նաիրի Հունանյանի նամակի հանգամանքը դառնում է խիստ ուշագրավ:
Հունանյանը «նո՞ր» բովանդակություն է հաղորդելու գործի շրջանակում ծավալվող քննարկումներին, նո՞ր «ինֆորմացիոն առիթներ» է տալու, թե՞ թարմացնելու է այսպես ասած՝ հները: Եթե, իհարկե, իրավապահները գործնականում ձեռնամուխ լինեն գործի անջատված մասի վերաքննությանը: Մեծ հավանականությամբ, դա կարող է տեղի ունենալ քաղաքական որոշման արդյունքում, հաշվի առնելով հենց «ներքաղաքական էֆեկտը»: Միաժամանակ բացառել պետք չէ նաև «արտաքին քաղաքական էֆեկտի» հանգամանքը՝ հաշվի առնելով այն, որ 27-ի առնությամբ եղել են թե՛ կասկածներ, թե՛ անգամ ուղիղ հայտարարություններ այդպիսի հետքի մասին: Օրինակը Լոնդոնում սպանված ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակից Լիտվինենկոյի հայտարարությունները, որին Մեծ Բրիտանիայում թունավորեցին հենց ռուսական հատուկ ծառայությունները, համենայնդեպս՝ ըստ բրիտանացի իրավապահների վարկածի:
Սակայն այդ ամենով հանդերձ, նաև պետք է դիտարկել իրավիճակի հակառակ կողմը՝ գործի վերաբացման «էֆեկտը» Հայաստանի դեմ: Սա լրջագույն հարց է, որովհետև անգամ ամենաազնիվ ու անկեղծ մղումներով տեղի ունեցող նշանակալի զարգացումները կարող են իրենց մեջ պարունակել բումերանգի վտանգ՝ դրանցում անմիջապես ներգրավված անձանց կամ գործիչների համար նվազ տեսանելի: Եվ այդ իմաստով հույժ կարևոր է որևէ քայլից կամ զարգացումից, նամակը «բացելուց» և դրան որևէ ընթացք տալուց առաջ առավելագույնս հստակ հավաստիանալ, որ Նաիրի Հունանյանի նամակը Հայաստանի դեմ բումերանգ չէ՝ Հայաստանի դեմ արձակված կրակահերթերից 22 տարի անց: Այն, որ Հայաստանի համար մի շարք առումներով խիստ կարևոր է Հոկտեմբերի 27-ի կարգի ոճրագործության ամբողջական բացահայտումը, և որ այդ կապակցությամբ հանրության մոտ կան հիմնավոր կասկածներ մինչ այժմ եղած վարկածի թերի լինելու հետ, թերևս անվիճելի է: Ամբողջ հարցն այն է, որ բացահայտումն ամբողջացնելու մղումը, կամա թե ակամա, չվերաճի Հայաստանը չափազանց բարդ հարցի ցանց մղելու գործընթացի՝ հաշվի առնելով այն, թե անցման ինչպիսի նուրբ ժամանակաշրջանում է Հայաստանը նաև պետական ինստիտուտների կայացվածության և ծանրաբեռնվածության աստիճանի բավականին ոչ միարժեք հարաբերակցության պայմաններում: