ՀՀ Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հունվարի 30-ին Արցախում ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքին, և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպմանը զինծառայողի հարազատների հետ. «Կոնկրետ պաշտպանության նախարարի և այլ պաշտոնատար անձանց այնտեղ լինելը պայմանավորված էր առավելապես բարոյական պարտքով։ Այս պարագայում խոսքը վերաբերում էր բարոյական պարտքին։ Չեմ կարող պնդել, որ արարքի որակման վրա ազդեցություն կարող է գործել։ Նախարարն այս պահին չի կարող արարքին որակում տալ, ոչ մի առնչություն չունի քննության հետ»,- աել է Ավետիսյանը։
Այս տարի արդեն ՀՀ Զինված ուժերում կա ոչ մարտական 4 մահվան և 9 վիրավորման դեպք, ընդ որում՝ 2-ը որակվել են որպես ինքնասպանություն։
Հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ ՊՆ-ն լիովին չի տիրապետում զորամասերում տիրող իրավիճակին, Ավետիսյանը պատասխանել է. «Կա բավականին արդյունավետ հետադարձ կապ։ Այն խնդիրները, որոնք առկա են, հասանելի են նաև մեզ, և մենք աշխատում ենք շատ ինտենսիվ: Այն ամենը, ինչ կարելի է անել համատեղ ուժերով, անում ենք»։
Նրա խոսքով՝ իրենց կենտրոնն անցյալ տարի 47 հազար ահազանգ է ստացել զինծառայողներից ու նրանց ընտանիքներից. «Զինվորների մոտ պետք է լինի խնդիրները բարձրաձայնելու պատասխանատվություն և համարձակություն: Նույն զորամասից մի քանի ամիս առաջ Առաքել Մովսիսյանի որդու վերաբերյալ ստացել ենք ահազանգ, ձեռնարկել ենք համապատասխան քայլեր։ Թեժ գիծ էր զանգել կոնկրետ զինծառայողի ընտանիքի անդամ՝ մորաքույր, նշել էր, որ այնտեղ ինչ-որ ճնշումներ կան։ Ճնշումների հիման վրա անմիջապես կապ ենք հաստատել ռազմական ոստիկանության հետ, նախարարը գրություն է ուղարկել Արցախի ՊՆ»,- պատմել է Ավետիսյանը։
Մանրամասները` տեսանյութում: