Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսից մահացության ռեկորդային աճ են գրանցել: Վերջին 24 ժամում կորոնավիրուսի օջախը համարվող Հուբեյ նահանգում 242 մարդ է մահացել (նախորդ ռեկորդը՝ 103 մահ էր 24 ժամում): Նաև վարակման 14,840 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է Interfax-ը:
Երկրում դա բացատրել են ախտորոշման մեթոդաբանության փոփոխությամբ՝ բժիշկները վերանայել են նախկին ախտորոշումները:
Հուբեյի առողջապահության կոմիտեն հայտարարել է, որ ախտորոշման դասակարգման մեջ ավելացվել է «կլինիկական ախտորոշումը»: Ըստ չինացի մասնագետների՝ դա թույլ կտա հիվանդներին «բուժում ստանալ վաղ շրջանում», ինչը կնպաստի ձեռնարկվող միջոցների արդյունավետությանը:
Փետրվարի 13-ի առավոտյան Հուբեյում ընդհանուր առմամբ նոր կորոնավիրուսով վարակման 48,206 դեպք է գրանցված: 3441 հիվանդ դուրս է գրվել հրվանդանոցներից: Այժմ բուժվում է 33,693 հիվանդ, որոնցից 5647 վիճակը կրիտիկական է գնահատվում, գրում է ՌԲԿ-ն:
Հոնկոնգի իշխանությունները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող է տարածվել նաև կոյուղու խողովակներով: Այդպիսի հիպոթեզ առաջ քաշվեց, քանի որ կորոնավիրուսով է վարակվել մի տարեց կին, որը Չինաստանում չի եղել և շփում չի ունեցել հիվանդների հետ: Սակայն դրանից մեկ շաբաթ անց նույն ախտորոշմամբ հոսպիտալացվել էր նրա 75-ամյա հարևանը: Նրանք չեն շփվել, սակայն օգտվել են նույն կոյուղուց: