Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. նախնական տեղեկություններով՝ պայթել է Վանաձոր քաղաքը սնուցող Նովոսելցովո- Վանաձոր ջրատարը, որի արդյունքում ջրի մեծ շիթը ողողել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհը:
Ըստ մամուլի տեղեկությունների վթարի պատճառը եղել է սողանքը, երբ քարեր են թափվել ջրագծի խողովակի վրա:
Այս առնչությամբ «Վեոլիա ջուր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 13-ին ժամը 20.30-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 08.30-ն կդադարեցվի Լոռու մարզի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը:
Իր հերթին հաղորդում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայում է, որ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կմ վրա ջրագծի վթարի պատճառով ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար:
«Վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ: Տվյալ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է: Ճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշվում է հաղորդագրության մեջ: