2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործի կողմից դաժանաբար սպանվեց ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին մասնակցող ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանը։ Նա մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին:
Փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 5-ին, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը մուտք է գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված է հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից գոռգոռացել է Սաֆարովի վրա և դուրս է վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին՝ գնացել է մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ է եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չի տվել բացել դուռը։ Շուտով ժամանած հունգարական ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարովին։
Հունգարիայի իշխանությունները մարդասպանին դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի:
Սակայն մի քանի տարի հետո այս երկրի իշխանություններն Ադրբեջանի իշխանությունների հետ գործարքի գնացին:
2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովի հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Մարդասպանը բնակարան նվեր ստացավ, կոչումն էլ բարձրացվեց մինչ մայոր՝ ութ տարվա աշխատավարձի վճարումով:
Տվյալ որոշմանը Հայաստանի արձագանքը չուշացավ: ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվեցին:
2013թ. մարտին Մարգարյանի իրավահաջորդները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներկայացնելով անհատական հայց Ադրբեջանի և Հունգարիայի դեմ: Նրանք պահանջում են ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրան ներման շնորհումը և ըստ էության` արդարացումն ու հերոսացումը, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները։ Այս պահին գործը գտնվում է եզրափակիչ փուլում:
Մարգարյանը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Աջափնյակ վարչական շրջանում տեղադրվել է նրա հուշարձանը: Գուրգեն Մարգարյանի անունն է կրում Երևանի համար 94 դպրոցը, սպայի անունով բարեգործական հասարակական կազմակերպություն կա: