ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր հանդիպել է Ծաղկաձորում կայացած Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովի մասնակիցներին, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:
 

Համաժողովը կազմակերպվել էր հուլիսի 11-15-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և կոչված է նպաստելու օտարագիր հայ գրողների ներուժի համախմբմանը, նրանց ստեղծագործությունների ճանաչողության ընդլայնմանը, Հայրենիքի հետ հայ գրողների կապի ամրապնդմանը:
 

Ողջունելով մասնակից գրողներին՝ Հրանուշ Հակոբյանը հատկապես կարևորել է օտարագիր գրողների դերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում 7 օտարագիր հայ գրողների ներգործությունը օտար գրողների վրա:

«Եթե Ձեզանից յուրաքանչյուրն իր բնակության երկրում մինչև 2015թ. մեկ գիրք կամ ուսումնասիրություն գրի Մեծ Եղեռնի մասին, հատկապես եթե ստեղծվեն վեպեր, էսսեներ Ցեղասպանություն վերապրածների մասին և գտնեն իրենց այլազգի ընթերցողին, ապա մենք ևս մեկ քայլ առաջ կգնանք Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում, - ասել է ՀՀ սփյուռքի նախարարը:
 

Շնորհակալական խոսքով հանդես են եկել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Այնուհետև համաժողովի մասնակից գրողները մասնակցեցին «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությանը:
 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Վիլյամ Սարոյան» մեդալներով պարգևատրել է ԱՄՆ-ից ժամանած անվանի գրող Փիթեր Սուրյանին և Կանադայից ժամանած Քիթ Ղարիբյանին, ով այսօր նշում է ծննդյան 70-ամյակը: 

ՀՀ սփյուռքի նախարարը «Արի տուն» ծրագրի մասնակից պատանիներին և աղջիկներին կոչ է արել օրինակ վերցնել օտար ափերում ապաստանած, բայց իրենց հայեցի դիմագիծը չկորցրած ավելի տարիքով գրողներից, բանաստեղծներից:
 

Համաժողովի մասնակիցները նաև ծանոթացել են ՀՀ սփյուռքի նախարարության կողմից սիրիահայության հետ տարվող աշխատանքներին:

Անվանի ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանը, հանդես գալով շնորհակալական խոսքով, ասել է. «Շնորհակալ եմ իմ հայ ժողովրդին, որ միշտ ազնիվ է եղել իմ հանդեպ: Ես սիրում եմ Միացյալ Նահանգները, բայց վերջին սերն իմ Հայրենիքն է՝ Հայաստանը: Եվ այն, ինչ տեսա այսօր, պարզապես հիասքանչ է»:
 

Հանդիպման ավարտին սփյուռքի նախարարը համաժողովի մասնակիցներին նվիրել է նախարարության պատվերով և նախաձեռնությամբ լույս տեսած «Գրական Սփյուռք» և «Սփյուռք» տարեգրքերը, ինչպես նաև մի քանի այլ աշխատություններ: