Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում երեկ տեղի է ունեցել երրորդ ամենամյա հայկական փառատոնը: Փառատոնը կազմակերպված էր Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, փառատոնի բացմանը ելույթ են ունեցել Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՄԹ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանական համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանաքը ու Լոնդոնի Քենսինգթոն և Չելսի թաղամասի փոխքաղաքապետ Սեմ Մքովերը։

Փառատոնի հարյուրավոր մասնակիցները վայելել են հայկական երաժշտություն ու պարեր, համտեսել են հայկական ճաշատեսակներ, ինչպես նաև մասնակցել են տարբեր միջոցառումների։ Առանձին տաղավարներով ներկայացված էին մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ՝ այցելուներին տրամադրելով տեղակատվություն իրենց աշխատանքի, Հայաստանի ու Արցախի վերաբերյալ։