Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել «Ուսանողական Ֆիլհարմոնիա» նախագծին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանը, Հայաստանի պետկան երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և «Ուսանողական Ֆիլհարմոնիա» նախագծի համակարգող Լուսինե Կարապետյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փետրվարի 13-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան  համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգով տեղի կունենա «Ուսանողական Ֆիլհարմոնիա» նախագծի հանդիսավոր բացումը: Համերգի մուտքն ազատ է:

«Ուսանողական Ֆիլհարմոնիա»-ն նպատակ ունի նրբաճաշակ և բարձրորակ երաժշտությունը ճանաչելի և սիրելի դարձնել հայ երիտասարդությանը և սահմանել չափանիշների նոր նշաձող: Համաշխարհային դասական երաժշտության մշակութային հարուստ ժառանգությունը ապացուցում է, որ այն մնայուն արժեք է և փոխանցվում է սերնդե սերունդ: Ժառանգորդման շղթան չխափանելու նպատակով հարկավոր է երիտասարդներին հրամցնել բարձրաճաշակ երաժշտություն և աստիճանաբար այն դարձնել նրանց սեփականությունը: Այդ նպատակի իրագործման համար ընտրվել է համերգ-դաս ձևաչափը, որի ընթացքում բանախոսի կողմից ստեղծագործությունը հատված առ հատված կմեկնաբանվի և կներկայացվի: