Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ջրծաղկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում, կարծիք հայտնելով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու դատարանի նախաձեռնության մասին, գործով մեղադրող Համբարձում Մելիք-Սարգսյանն ասաց, որ դեմ է դրան՝ նշելով, որ նշանակված փորձաքննությամբ բոլոր հարցերի պատասխանները տրված են: Տուժող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն էլ ասաց, որ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու հիմքեր չկան: Մուշեղ Շուշանյանը դատական նիստի ընթացքում հրապարակեց իր կողմից ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանին և Դերենիկ Դումանյանին արված հարցումները: Մասնավորապես, Մուշեղ Շուշանյանը ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներին հարցրել էր՝ ի՞նչ իրավական ակտով կամ ակտերով են սահմանված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման պատասխանատու անձանց, մասնավորապես՝ գլխավոր բժշկի, բաժանմունքի պետի, բուժող բժշկի իրավունքները և պարտականությունները: Փաստաբանը նախարարին հարցրել էր նաև՝ ի՞նչ իրավական ակտով են կարգավորվում տարակարծությունների դեպքում բժշկական անձնակազմի հարաբերությունները: Ի պատասխան հարցմանը՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հայտնել է, որ առաջին հարցը կարգավորվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով, իսկ երկրորդը հարցը կարգավորվում է մասամբ նույն օրենքով: Ըստ Մուշեղ Շուշանյանի՝ օրենքի նշված հոդվածներում իրենց հետաքրրող հարցերի պատասխանները չկան: Հիշեցնենք, որ քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված է երկու բժիշկ՝ Մինաս Մկրտչյան և Միքայել Միքայելյան: Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 13:00-ին: Դատական այդ նիստի ընթացքում դատարանը կհրապարակի լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին որոշումը: