Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքը Բուդաղյաններն անհիմն եւ ոչ արդարացի են համարում: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ի վերջո, ինչ է տեղի ունեցել հունիսի մեկին. Նախ՝ խնջույք է տեղի ունեցել, որին ներկա են եղել Ավետիք Բուդաղյանը, Սուրեն Խաչատրյանը, Բակո Սահակյանը եւ ուրիշներ: Խնջույքի ժամանակ Ավոյին մեծարել են, ինչն էլ շարժել է Սյունքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախանձը:

Հարազատների պատմելով՝ Սուրեն Խաչատրյանը որոշել է սանիկին՝ Ավետիք Բուդաղյանին անձամբ ուղեկցել տուն: «Տարիներ շարունակ Լիսկան անընդհատ նրանից «փայ» է պահանջել, այդ օրն էլ վիճաբանությունը սկսվել է այդ թեմայից: Տուն բերելու ճանապարհին Գորիսի վերեւում գտնվող գումարտակում ծեծկռտուք է սկսվել Լիսկայի եւ Ավոյի միջեւ։ Արդյունքում Լիսկան ապտակել է Ավոյին, Ավոն էլ իրեն է ապտակել, Ավոն իջել է ավտոյից, իսկ Սուրեն Խաչատրյանն ասել է՝ կգաս, մենք կշարունակենք... Ահա, թե ինչն է պատճառը, որ տղաները գնացել են Սուրեն Խաչատրյանի տուն»,- ասացին նրանք:

Հարազատները նշեցին, որ այն բնորոշումը, թե Արտակը գնացել է զինված, որ եղբորը պաշտպանի, չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ Արտակն ասել է՝ պետք չէ գնալ, նրանից լավ բան չի սպասվում, ինչպե՞ս կարող էր հարձակում լինել:

Արտակ Բուդաղյանը հիմա անընդհատ իր զորքի մասին է մտածում։ Պատահական չէ, որ թեեւ դեռ վերջնական չի ապաքինվել, սակայն արդեն մեկնել է Ղարաբաղ՝ տեսնելու զինվորներին...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):