Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է օրինական դաշտ բերել 10 տարի առաջ կառուցած առանձնատունը։ Երևանի քաղաքապետարանը Sputnik Արմենիային որոշ հետաքրքիր տեղեկություններ է հայտնել այս գործի մասին։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դիմել է Երևանի քաղաքապետարան` շուրջ 10 տարի առաջ Երևանում ապօրինի կառուցած առանձնատունն օրինականացնելու խնդրանքով։ Sputnik Արմենիային այս տեղեկությունը հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Խոսքը երևանցիներին քաջ հայտնի շքեղ առանձնատան մասին է, որը գտնվում է «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ` Սարալանջի բարձունքում։ Դրա պաշտոնական հասցեն է Կարապետ Ուլնեցու 32/11։ Այն ամբողջությամբ անօրինական է, պաշտոնական որևէ փաստաթղթով գոյություն անգամ չունի, թեև կառուցվել է շուրջ 10 տարի առաջ ու բոլորի աչքի առաջ։
Պաշտոնական տվյալներով` անօրինական կառուցված այդ ինքնակամ շինության մակերեսը 1698.8 քմ է։
Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունն օրինականացնելու մասին հիշել է 2018թ.–ի իշխանափոխությունից հետո միայն, ու օրինականացման խնդրանքով դիմում ներակայացրել քաղաքային իշխանությանը։
Բայց սա էլ դեռ ամբողջը չէ։ Պարզվում է` բացի անօրինական կառուցված առանձնատնից, Սուրիկ Խաչատրյանը նույն տարածքում չի բավարարվել միայն սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքով ու նաև համայնքին պատկանող հողատարածք է զավթել, որի չափերը քաղաքի իշխանությանը հայտնի չեն։
«Նշված հասցեում առկա է նաև ինքնակամ զբաղեցրած համայնքային հողամաս, որի մակերեսի վերաբերյալ տվյալներին չենք տիրապետում, քանի որ սեփականատիրոջ կողմից չափագրում չի պատվիրվել»,– նշված է Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկանքում:
Քաղաքապետարանը մերժել է նախկին պաշտոնյայի դիմումը և դրան ընթացք չի տվել։
Այս պահին խնդիրը մասնագիտական ուսումնասիրության փուլում է։ Քաղաքային իշխանությունը խոստանում է ուսումնասիրության ավարտին հանդս գալ ավելի հանգամանալից պարզաբանմամբ։
Սյունիքի նախկին մարզպետն, ի դեպ, այս տարածքում միանգամից երկու հողամասերի սեփականատեր է. նրան է պատկանում ոչ միայն Կարապետ Ուլնեցու փողոցի հ. 32/11, այլև հարևանությամբ գտնվող 32/12 հասցեում գտնվող հողամասը։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից, որի համաձայն 2018թ–ին Սուրիկ Խաչատրյանի վարորդը` Արագած Ղևոնդյանը, որպես լիազորված անձ, դիմում էր ներկայացրել այդ երկու հասցեները 1 միասնական` Կարապետ Ուլնեցու փողոց, հ. 32/12 հասցեի ներքո միավորելու համար, ինչը և արվել էր քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի` 2018թ.–ի հուլիսի 19-ի որոշմամբ, քանի որ Տարոն Մարգարյանը դրանից 10 օր առաջ արդեն հրաժարական էր տվել։
Sputnik Արմենիայի հաղորդմամբ Սյունիքի մարզպետը նախկին պաշտոնյաներից միակը չէ, որ իշխանափոխությունից հետո որոշել է օրինականացնել ապօրինի կառուցած առանձնատունը։ Նույն հարցով քաղաքային իշխանությանն է դիմել նաև ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հիշեցնենք` «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում ապօրինի կառուցված առանձնատների մասին կառավարության փետրվարի 20-ի նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` տարիներ շարունակ նախորդ իշխանությունները ՀՀ օրենքները հարմարեցրել են իրենց շահերին ու օրինականացրել իրենց ապօրինությունները։
Ինչ վերաբերում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում զավթված համայնքային հողատարածքներին ու կառուցված անօրինական առանձնատներին, վարչապետը նշել էր, որ քաղաքապետարանին ու Կադաստրի կոմիտեին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել տեղի կառույցների կարգավիճակն ու կայացնել համապատասխան որոշումներ։
Վարչապետը խոստացել էր հարկ եղած դեպքում կիրառել անցումային արդարադատության գործիքները, քանի որ տեղի ունեցածը, նրա բնորոշմամբ, արհամարհանք է հանրային կարծիքի և Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։