«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, փետրվարի 5-ին տեղի ունեցած թիվ 99 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վթարի դեպքով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ հաշվի առնելով, որ ավտովթարի հետևանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները, ըստ ստացված դատաբժշկական եզրակացության, եղել են թեթև կամ թեթևի հատկանիշներ չպարունակող, այսինքն՝ քրեաիրավական հետևանքներ չեն առաջացրել։
Սակայն պարզվել է նաև, որ թիվ 99 միկրոավտոբուսի վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետը անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին է լրացել և օրենքով սահմանված կարգով չի երկարացվել։ Վարորդը նաև եղել է ալկոհոլի ազդեցության տակ, և ստացվում է, որ իրավապահ համակարգը՝ ի դեմս դատախազության, աչք է փակում այդ հանգամանքի վրա:
Գոռ Աբրահամյանի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ հետաքրքրվելով՝ արդյոք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը տեղյակ եղել է, որ երթուղու վարորդը երթևեկում է առանց վկայականի:
«Եթե հիշում եք, մենք վթարի օրը հայտարարեցինք, որ վարորդը դիսպետչերական կետ չի մոտեցել, այնուհանդերձ, դեկտեմբերից ի վեր նրա վարորդական իրավունքի ժամկետը սպառված է եղել, որը դիսպետչերը չի նկատել: Տրանսպորտի վարչությունը վերահսկողությունն իրականացնում է դիսպետչերական կետերի միջոցով: Դիսպետչերական կետում, փաստորեն, խախտումը հայտնաբերվել է աշխատակցի կողմից, և ամենախիստ պատժի կենթարկվի այդ խախտումը կատարած անձը»,- նշեց նա:
Նկատենք, որ Տրանսպորտի վարչությունն էլ ենթարկվում է քաղաքապետին։ Ստացվում է, որ Հայկ Մարությանն իրավիճակին չի տիրապետում, և փաստացի վարորդական վկայական չունեցող մարդը, մի բան էլ հարբած, երթուղի է դուրս եկել և քաղաքացիների տեղափոխել։ Ու հիմա պարզվում է՝ այս իրավիճակի համար որևէ մեկը չի պատժվի, այլ միայն վարորդը՝ տուգանքի տեսքով»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: