Այսօր՝ մարտի 5-ին, հրազենի գործադրմամբ մահափորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 36-ամյա Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու:
Նույն օրը՝ ժամը 02:10-ի սահմաններում անհայտ անձը Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի 30 տան դիմաց ինքնաձիգից կրակոցներ է արձակել Հ. Հարությունյանի ուղղությամբ: Հ. Հարությունյանը եղել է Jeep մակնիշի T 790 MB 777 RUS համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա են եղել կրակոցի մի քանի հետքեր: Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են ավտոմատից արձակված մեծ քանակությամբ պարկուճներ:
Հիվանդանոց տեղափոխված Հ. Հարությունյանը վերջերս է վերադարձել Հայաստան, նա Ռուսաստանում հայտնի գործարար է: