«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ 2020 թ. փետրվարի 10-ին կալանավորված Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տևական ժամանակ եղել է ԱԱԾ-ի տեսադաշտում, և դեռ ավելին՝ նրա աշխատասենյակում գաղտնի կերպով տեղադրված են եղել օպերատիվ տեսախցիկներ, որոնք էլ արձանագրել են, թե ովքեր են մտել նրա աշխատասենյակ, ինչ հարցով և այլն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` գործով մեղադրյալ Շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը իրավապահներին ասել է, որ ինքը տեղյակ է եղել, որ Վահագն Վերմիշյանը գնացել է «Վերնիսաժ» և ցանկացել է գնել հայ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի անվան հուշամեդալները:
Ըստ Գագիկ Գալստյանի՝ իմանալով Վահագն Վերմիշյանի այդ ցանկության մասին և մտերիմ լինելով նրա հետ, ցանկություն է հայտնել այդ հուշամեդալները գնել: Վահագն Վերմիշյանը համաձայնել է, և Գալստյանը Վերմիշյանի հետ պայմանավորվել է աշխատասենյակում հանդիպել ու գումարը վճարել, որպեսզի Վերմիշյանն էլ իրեն փոխանցի գնված հուշամեդալները, և այդպես էլ արել են: Գալստյանի տարած գումարը Վերմիշյանը հաշվել է տեղում, ինչը նկարահանվել է օպերատիվ տեսախցիկներով, ու հենց այդ տեսանյութն էլ՝ իբրև կաշառքի ապացույց, ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետը, անդրադառնալով Վերմիշյանի ձերբակալությանը, հայտարարեց. «Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի և 2018 թ.Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխոխության հասցեին»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: