«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Արցախում նախագահի թեկնածուները բավական շատ են, բայց նրանց մեջ հայաստանյան իշխանությունների հանդեպ ընդգծված քննադատական վերաբերմունքով առանձնանում է Վիտալի Բալասանյանը։ Նախօրեին քարոզարշավի ընթացքում Բալասանյանը հայտարարեց «Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Դա Բալասանյանի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է»:
Ընդհանրապես արցախյան ընտրությունները Փաշինյանի իշխանության համար փորձաքար են լինելու, քվեարկությունը ցույց կտա, թե ինչպես են արցախցիները գնահատում Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումն իրենց հանդեպ։
Այսինքն, այս ընտրությունները յուրահատուկ թեստ են՝ հակամարտության ուղղությամբ Փաշինյանի որդեգրած քաղաքականության վերաբերյալ։ Սա կարծես կոնկրետ մի հարցով հերթական հանրաքվեն է, պարզապես ոչ ուղղակի։ Թեկնածուներին նախընտրություն տալով, արցախցին նաեւ իր դրական կամ բացասական վերաբերմունքն է հայտնում այդ քաղաքականության վերաբերյալ։
Եթե Վիտալի Բալասանյանին ձայն տվողները մեծամասնություն կազմեն, նշանակում է Փաշինյանի քաղաքականությունը` հակամարտության եւ ընդհանրապես Արցախի հարցում, անընդունելի է նրանց համար։ Եթե անգամ չնչին տարբերությամբ այլ թեկնածու ընտրվի, էլի Նիկոլ Փաշինյանը մտածելու բան ունի։ Թեկնածուներից Վիտալի Բալասանյանին ենք ընդգծում, քանի որ հենց նա է հրապարակավ կոշտ արտահայտվում Նիկոլ Փաշինյանի հանդեպ։
Այնուամենայնիվ, մի պահ պատկերացնենք, որ Արցախում նախագահ է ընտրվել Վիտալի Բալասանյանը, ինչպիսի՞ն են լինելու երկու հայկական պետությունների ղեկավարների հարաբերությունները։ Մի կողմից Բալասանյանը Արցախի լինել-չլինելու հարցն է այսօր նժարին դնում՝ ակնհայտ ակնարկներով, մյուս կողմից էլ Փաշինյանն է դավադիրներ ու դավաճաններ փնտրում նաեւ Արցախում։ Անգամ դժվար է պատկերացնել, թե ինչ հնարավոր լարվածություն կարող է ստեղծվել Հայաստան-Արցախ հարաբերություններում, եթե արցախցիների մեծամասնությունը Վիտալի Բալասանյանի հետ համաձայն լինի ու նրան վստահության քվե տա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում