Երկուշաբթի' մարտի 2-ին, Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանի դին: Այս մասին տեղեկացնում է «Московский комсомолец» պարբերականը:
Սպանության համար կասկածվողը նրա ամուսինն է, որը սպանությունից հետո փորձել է վերջ տալ իր կյանքին: Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը տեղեկացրել է ամուսինների որդին' ասելով, որ հայրը ծեծում է մորը: Ժամանելով դեպքի վայր' Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ստիպված են եղել կոտրել դուռը, քանի որ տղամարդն այն փակել էր ներսից:
Բնակարանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 47-ամյա տանտիրուհու դին' դանակով հասցված վերքերով, ինչպես նաև նրա 60-ամյա ամուսնուն, որը հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից հետո: Լալա Հովհաննիսյանը 20 տարվա աշխատանքային փորձով բժիշկ-սրտաբան էր, Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ:
Նրա ամուսինը շտապօգնության մեքենայի վարորդ է: Մահացու ելքով ընտանեկան կոնֆլիկտի պատճառը ենթադրաբար խանդն է եղել: Որդու խոսքով' ծնողները ծանոթացել են աշխատավայրում: «Նա մեծ է մայրիկից և հաճախ խանդում էր նրան, անգամ հիվանդների նկատմամբ:
Առիթները ստեղծում էր հենց այնպես, իրականում դրանց համար ոչ մի հիմք չկար»,- ասել է որդին: Այս վարկածը հաստատում են նաև հարևանները, որոնք նշել են, որ լավ ընտանիք էր, չէին ծխում, չէին խմում, սակայն հաճախ էին վիճում:
Gazeta.ru կայքը նշում է, որ հիվանդները շատ գոհ էին Հովհաննիսյանից, համացանցում նրա գործունեությունը գնահատվում էր գրեթե 5 աստղով: