ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հետ համատեղ, ազդարարել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը:
Ռուսաստանի Դաշնության տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ այս տարի ծրագրի ֆինանսավորումը 3 միլիոն ԱՄՆ դոլարից հնարավոր կլինի հասցնել մինչեւ 5 միլիոն ԱՄՆ դոլար: 2019 թվականի դրությամբ, ծրագիրն իրականացվում է ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի` 412 հանրակրթական ուսումնական հաստատություններում` սնունդ տրամադրելով 1-4-րդ դասարանների շուրջ 50․000 աշակերտների:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ-ի ՊՀԾ) եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա՝ նպատակ ունենալով ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ: Ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում տարրական դասարանների եւ դպրոցի նախապատրաստական խմբեր ունեցող բոլոր հանրակրթական դպրոցներին: Այս փուլում պլանավորվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ` համայնքի անդամների համար աշխատաշուկայի նոր հնարավորություններից օգտվելու նպատակով: Ջերմոցային տնտեսությունների ստեղծումը եւ դպրոցական սննդի արտադրությունը կապահովի առողջ սննդի կազմակերպումը դպրոցներում ամբողջ տարվա ընթացքում, իսկ կրթական ծրագրերը կներառեն առողջ ապրելակերպի դասընթացներ երեխաների եւ համայնքների անդամների համար: Այս ամենի արդյունքում ծրագրում ընդգրկված ՀՀ դպրոցները կվերափոխվեն ավելի լայն կրթական հարթակների, կխթանվի մարդկային կապիտալի եւ տնտեսության զարգացումը:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը: