Ականատեսների փոխանցմամբ, այսօր առավոտյան ժամը՝ 10:30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայով իրար հետեւից սլացել են շտապօգնության շուրջ մեկ տասնյակ մեքենաներ: Դա որոշակի տագնապ է առաջացրել տարածքի բնակչության շրջանում:

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պատասխանելով մեր հարցին, ասացին, որ մեծաթիվ այդ մեքենաների երթը կապված է եղել կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներով: Նրանց խոսքով՝ կատարվում են համաճարակաբանական միջոցառումներ:

Մեր ճշտող հարցին, թե արդյոք այդ մեքենաներով Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները մեկուսացնելու նպատակով Էջմիածնից տեղափոխում էին կորոնավիրուսով հիվանդ անձանց հետ շփված մարդկանց, դրական պատասխան ստացանք:


Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված երեք անձանցից մեկը, որոնց մասին հայտարարվել էր երեկ, Էջմիածնի բնակիչ է: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ավելի վաղ հայտնել էր, որ երեկ հայտարարված կորոնավիրուսով հիվանդների հետ շփված անձինք՝ 57 հոգի, հայտնաբերված եւ մեկուսացված են։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում շտապ օգնության մեքենաների շարասյան տեսանյութ էր հրապարակել: Թերեւս խոսքը Երեւանից մեկնած մեքենաների մասին է:

Այս պահին Հայաստանում, ընդհանուր առմամբ, առկա է նոր կորոնավիրուսով հիվանդացության 6 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին, 3-ը՝ մարտի 11-ին, 2-ը՝ այսօր՝ մարտի 12-ին: