Բլոգեր, արձակագիր, մի շարք գրքերի հեղինակ Նարինե Աբգարյանն իր «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով ընդգրկվել է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի վարկածով՝ Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում: Այս մասին տեղեկացրել է գրողը՝ իր ֆեյսբուքի էջում։ «Իմ՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով հայտնվել եմ The Guardian-ի ցուցակում։ Մնաց՝ ապրենք մինչև Էդինբուրգյան գրքի տոնավաճառ։ Հուսամ մինչ այդ ամեն ինչ կխաղաղվի ու կյանքն իր հունով կգնա։ Շատ-շատ եմ դա ուզում»,- գրել է նա։
Նրա ամենահայտնի ստեղծագործությունը, որը մեծ պահանջարկ գտավ, ինքնակենսագրական «Մանյունյա» վեպն է։
Մարտին Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» ստեղծագործությունը տպագրվել է նաև անգլերեն։ Մինչ այդ այն թարգմանված է եղել 12 լեզուներով։
2016թ․-ին այն արժանացել է ռուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակին։ Վեպը լավագույնն է ճանաչվել «21-րդ դար» անվանակարգում:
«Երկնքից ընկավ երեք խնձոր» գիրքը պատմում է բարձր լեռներում կորած մի փոքրիկ գյուղի ու նրա բնակիչների մասին` մի քիչ տարօրինակ, մի քիչ փնթփնթան։
Նարինե Աբգարյանը ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 1971 թվաանին: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։
Ստորև ներկայացնում ենք Նարինե Աբգարյանի «Սիմոնի թաղումը» պատմվածքը:
Այինանց Սիլվիայի ամուսինը մահացավ: Չես ասի, թե նրա մահը մարդկանց համար անակնկալ էր. ախր Սիմոնը ութսունից հաստատ ավելի էր, ավելի ճիշտ՝ իննսունից մի տարի պակաս: Սակայն վշտացան անխտիր բոլորը. Սիլվիայի մարդը ընկերության համար հոգի էր տալիս ու բոլորի սիրելին էր:
Նա թափով ու բուռն կյանքով էր ապրում, ոչ մի բանից զուրկ չէր մնում, ուտում էր՝ ոնց որ վերջին անգամը լիներ, խմում էր՝ ասես վաղվանից «չոր օրենք» էին հաստատելու և խմիչքի համար մահապատժի էին ենթարկելու: Այդ պատճառով Սիմոնը նախաճաշում էր գինով (որպեսզի առույգ լինի), ճաշում թթի օղիով (կանխելու համար այրոցը), ընթրում էր հոնի օղիով (որպեսզի ամուր քնի):
Թեև Բերդում խստակյաց բարքեր էին տիրում, նա իրեն սիրային մանր – մունր կապերից էլ չէր զրկում: Կին էր սիրում ինքնամոռացության և ուժից ընկնելու աստիճան, հմայվում էր առանց մտածելու, խանդում էր ու աստվածացնում, հարաբերության ավարտին էլ անպայման որևէ ոչ թանկ, բայց գեղեցիկ զարդ նվիրում: «Հարկավոր է այնպես բաժանվել, որպեսզի կնիկը քեզ փողոցում հանդիպելիս չթքի երեսիդ»,- ուսուցանում էր նա ընկերներին: Սրանք կատակի էին տալիս և, ակնարկելով նրա սիրառատությունը, ծաղրանքով ջԱնթլմեն էին անվանում («ջան» բառից):
Ջահել ժամանակ Սիլվիան մարդու գլխին խանդի տեսարաններ էր սարքում, բայց տարիների հետ սովորեց արկածներին մատների արանքով նայել: Բայց մեկ է՝ երբեմն, որպեսզի չափից ավելի չլկտիանա, աղմուկ – աղաղակ էր սարքում՝ ջարդուխուրդ անելով ափսեներն ու գավաթները, որոնցից նախօրոք ընտրում էր վնասվածները, որոնք թափելու ենթակա էին: Սիմոնն անթաքույց հիացմունքով դիտում էր, թե կինն ինչպես է չափչփում տունը՝ հատակին դղրդացնելով ամանեղենը:
– Տե՛ս, է,- հետո մեկնաբանում էր՝ ավլելով բեկորները:
Մինչ նա հավաքում էր, Սիլվիան պատշգամբում ծխում էր՝ մոխիրը թափ տալով մարդու տոնական կոշիկների մեջ:
Մի խոսքով՝ համերաշխ էին ապրում:
Սիմոնը, բացարձակապես առողջ ու առույգ մի ծերունի, մահացավ իր 89 –ամյակի նախօրեին: Կուշտ ընթրելով և անքնության դեմ մի գավաթ հոնի օղի կոնծելով՝ նա իր սովորական ժամին քնեց, բայց առավոտյան չկարողացավ անկողնից վեր կենալ: Կանչված շտապօգնությունը կաթվածային հարված ախտորոշեց, բայց մինչև հիվանդանոց չհասցրեց. Սիմոնը մահացավ, երբ մեքենան, աղեկտուր ազդանշան տալով, բակից դուրս էր սլանում: Նրան ընտանիքին հանձնեցին հաջորդ օրվա առավոտյան, բրդե կոստյում և ձյունաճերմակ վերնաշապիկ հագած, մաքուր ածիլած դեմքով ու իդեալական ուղիղ բախտ բացած սանրվածքով: Ամոթ չէր լինի հանգուցյալին դագաղը դնել և ներկայացնել հանրության ուշադրությանը, եթե չլինեին մուգ կարմիր, կապույտին խփող գունախաղով ականջները, որոնք փչացնում էին նրա ներկայանալի տեսքը: Դիահերձող բժիշկը, կանխելով հարազատների հարցերը, բացատրեց, որ նման բան պատահում է ինսուլտից մահացածներին:
– Բա ի՞նչ անենք,- արցունքն աչքերին հարցրեց Սիլվիան:
– Հուղարկավորեք,- չոր նետեց դիահերձողը, որն ակնհայտորեն ավելորդ զգացմունքայնության ժամանակ չուներ:
Սիլվիան երկար ժամանակ մտածում էր, թե ինչ կարելի է անել, որ հանգուցյալն իր սովորական տեսքն ստանա: Ականջները դեմքի կրեմ քսելու՝ մեծ հարսի առաջարկը զայրույթով մերժեց, թե՝ չեմ թողնի, որ մարդուս մեյմուն դարձնեք: Անխիղճ կոչեց ու տնից դուրս արեց փոքրին, որն առաջարկում էր հանգուցյալի գլուխը գլխաշոր փաթաթել: Չթողեց, որ միջնեկ հարսը նույնիսկ բերանը բաց անի. գիտեր, որ խելոք բան չի ասի: Այդպես էլ ոչ մի բան չմտածելով՝ Սիլվիան, թեթևամտորեն հուսալով, որ հարևանները նրբանկատ կգտնվեն, որոշեց ամեն ինչ թողնել ինչպես կա: Հարսներին վերահանձնարարելով հոգեհացի սեղանի պատրաստությունը, նա մուգ գույնի, ընդգծված համեստ զգեստ հագավ և նստեց դագաղի գլխավերևում՝ մտադրվելով վշտալի լռությամբ անցկացնել երկու օրը:
Հարևանների նրբանկատության հույսը չարդարացավ: Նրանք, տեսնելով հանգուցյալին, մոռանալով ցավակցական բառերը, առաջինը հարցնում էին, թե ինչու են նրա ականջներն այդպես բացահայտ հանդգնորեն կապույտ: Սիլվիան ստիպված էր, խզելով լռությունը, հանգամանորեն պատասխանել նրանց: Տղամարդիկ կասկածանքով ծպացնում էին լեզվով, կանայք իսկույն առաջարկում մի բան մտածել:
– Ախր ի՛նչ կարող ես մտածել,- հոգոց էր քաշում Սիլվիան:
– Գոնե մի բան,- համառում էին կանայք՝ միմյանց ընդհատելով կարկտի պես տեղում անհեթեթ առաջարկներ. ականջներին եզան լեզվի տերևներ փակցնել, յոդի ցանց նկարել, թթխմորով պատել, ցանկալի է՝ սառը, որպեսզի հաստատ կպչի:
Տղամարդիկ ի պատասխան ցուցամատը պտտում էին քունքի մոտ՝ ծաղրանքով հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է հնարավոր օգնել մեկին, որին արդեն ոչ մի օգնություն չես հասցնի: Ռուս գրականության ուսուցչուհի Օֆելյա Համբարձումովնայի՝ «Ապուշից» անզգուշորեն բերած օրինակը, թե գեղեցկությունը կփրկի աշխարհը, տղամարդկանց թևում հարուցեց բացահայտ քնծիծաղ և լիովին բանական հավաստում, որ գեղեցկությամբ հանգուցյալին չես կենդանացնի: «Դրա փոխարեն հաճելի կլինի նրան նայելը», – չէր հանձնվում կանանց թևը: Իրադրությունն անշեղորեն լարվում էր՝ հրաժեշտի արարողությունը վերածելով զավեշտի: Միջոցառման սգո տոնայնությունը վերադարձրեց Սիլվիան: Պահարանից հանելով ծանրածանր ապուրամանը, նա լուռումունջ գետնովը տվեց այն: Կանայք, ակնթարթորեն հիշելով, թե ինչ գործով են ժամանել, համերաշխ սուգուշիվան գցեցին, տղամարդիկ բակ դուրս եկան ծխելու: Ինքն իրենից գոհ Սիլվիան դարձյալ նստեց ամուսնու գլխավերևում:
Կամաց – կամաց տեղ հասան Սիմոնի նախկին «յարերը»՝ զուգված – պճնված, ասես շքերթի էին ելել: Առաջինը ներկայացավ հալած յուղի գույնի գործած սվիտերով և թորշոմած վզին արհեստական մարգարիտ գցած Սև Մուշեղանց Սոֆյան: Հետո հայտնվեց Թևոսանց Էլիզը: Էլիզի որդիները վաղուց են Ֆրեզնո տեղափոխվել, դրա համար էլ նա եկավ, իր իսկ ասելով, ամերիկյան հագուկապով՝ զգեստը, կոշիկները, պայուսակը և նույնիսկ փոշոտ վարդի գույնի շրթներկը, և տեղավորվեց այրու աջ կողմը: Սիլվիան քիթը մի կողմ թեքեց և կնճռոտեց դեմքը. Էլիզից անախորժ – քաղցրավուն դուխու հոտ էր փչում: «Վայ թե շատ է փախել»,- մեղավոր փսփսաց նա և հավաստիացրեց, որ հոտը երկար չի մնա, որովհետև մնացած ամեն ինչից զատ դուխին ամերիկյան չէ, ուստի շուտ կցնդի: Հեռավոր Էջմիածնից եկավ Բոչկանց Սուսանը և հասարակությանն իսկույն կատաղեցրեց գրական հայերենով, գոռոզամտորեն պոկոտած հոնքերով, եզրերն ի մի բերած բարակ շրթունքներով: Նրան իսկույն հիշեցրին կաղ, անգրագետ մորն ու շրջմոլիկ հորը: Սուսանը հոնքերը նախկին տեղը վերադարձրեց և, թուլացնելով բերանի հանգույցը, անցավ Բերդի բարբառին, ինչով անմիջապես շահեց ներկաների բարեհաճ համակրանքը: Եկողներից վերջինը Մակարանց Ռուզանն էր, որն աղջկան հաջողությամբ Մոսկվա էր հարս տվել: Չնայած ապրիլյան տաքությանը, Ռուզանը ներկայացել էր սևագորշ աղվեսենու կիսամուշտակով, փիրուզագույն ֆետրե գլխարկով: Մեջքով կանգնելով դեպի պատուհանը (որպեսզի ցերեկվա լույսը չընկնի ավերված դեմքին, բայց միաժամանակ դրականորեն ընդգծի մորթու ճոխությունը)՝ նա բազմանշանակ ու սրտահույզ դադարներով արտասանեց հրաժեշտի մի երկարաշունչ բանաստեղծություն:
Պոեզիան վերջին կաթիլը եղավ: Առանց դեսուդենի մի կողմ տանելով աղվեսի մորթին, Սիլվիան գնաց իր սենյակ, հագավ մանվածքաթելի բլուզկան և շքեղ յուբկան, մազերն ամրացրեց տատի կոկորդիլոսի ոսկրի սանրով, ափսոսանքով հրաժարվեց հանգույցի մեջ հնարժեք փղոսկրե շուղ մտցնելու գայթակղությունից: Դրա փոխարեն դիմափոշի ու շրթներկ քսեց. հո չի՞ նստելու էդ պճնապաճույճ հավերի մեջ՝ անբախտ ցախավելի նման: Նրա վերադառնալու պահին ժողովուրդն զգալի չափով նոսրացել էր: Մնացել էին ամենատոկունները՝ հարազատները, ամուսնու նախկին գործընկերները, «յարերը» (բոլորը) և կիսակույր Կատինկա հարևանուհին, որին կարծես դիտմամբ մոռացության էին մատնել իր երեխաները:
Պառավ Կատինկան էլ հենց առաջարկեց հանգուցյալի ականջներին սագի հալած յուղ քսել: Իբր՝ դրանից վնաս չի լինի, բայց դե օգուտ կարող է լինել: Չէ՞ որ Զաբել անունով հեքիմը սագի յուղով հաջողությամբ բուժում էր ոչ միայն կապտուկն ու վնասվածքը, այլև նույնիսկ կոտրվածքը:
– Հո նրան կապտականջ վիճակում չե՞նք թաղելու, աղջիկս,- սվսվացրեց Կատինկան՝ արցունքը սրբելով գոգնոցի ծայրով:
Սիլվիան այն է՝ ուզում էր առարկել, որ հանգուցյալի համար տարբերություն չկա, թե ինչ գույնի են իր ականջները, սակայն կողային տեսողությամբ բռնելով Բոչկանց Սուսանի ունքերի շարժումը, փոշմանեց՝ չարախնդալու առիթ ինքը նրան չի տա:
– Բերեք սագի յուղը,- կարգադրեց նա:
– Կարևորը վրայից կամֆարայի յուղով թրջոց դնելն է, հեքիմուհին էդպես էր անում,- հրահանգներ էր տեղում Կատինկան՝ հետևելով, որ կամֆարան երկար չպահեն: Այլապես, բացատրեց նա, կարող է ջղակծկում առաջանալ:
– Բայց դե նրան ջղակծկումը չի սպառնում,- առարկեց Սիլվիայի հարսը:
– Դու ի՞նչ գիտես,- վրա տվեց պառավ Կատինկան:- Լեզուդ շաղ տալու փոխարեն ավելի լավ կանեիր սագի յուղը սառեցնեիր, որ սենյակի ջերմաստիճանին հասներ:
– Ինչո՞ւ սենյակի,- հետաքրքրվեց Մակարանց Ռուզանը՝ ամսագրով հով անելով դեմքին. կիսամուշտակով և շլյապայով նա անտանելի շոգում էր, բայց և վերնազգեստն հանելու առաջարկն անընդհատ մերժում:
– Ո՞նց թե ինչու, – ձեռքերն իրար զարկեց պառավ Կատինկան,- որպեսզի հանգուցյալի մաշկը չայրվի:
Ռուզանը շշմած հայացք փոխանակելով Սիլվիայի հարսի հետ, անհոդաբաշխ ձայն արձակեց և լռեց:
Այդ նույն ժամանակ, երբ արթնացավ Կատինկայի զավակների խիղճը և նրանք եկան իրենց մորը տանելու՝ Սիմոնի գլուխը զարդարում էին մեծ, անլար ականջակալները, որոնք կռվով – դավով խլվել էին կրտսեր թոռան ձեռքից: Ականջակալները հուսալիորեն պահում էին կամֆարայի յուղի թրջոցները: Թեև հանգուցյալի արտաքինը միանշանակ չէր ընկալվում, բայց նա լիովին խաղաղ և նույնիսկ երջանիկ տեսք ուներ: Նրա շուրջը նստոտեցին այրին և նախկին յարերը և, կոնծելով տնական գինին, կյանքից էին խոսում: Մակարանց Ռուզանը, ծոծրակի կողմը հրելով շլյապան և բախտակիցներին ի ցույց դնելով գրեթե ճաղատ գլուխը՝ բողոքեց, որ մազերը նոսրացել են: Սոֆյան, հանելով արհեստական մարգարիտն ու հետ քաշելով փակ օձիքը, ցույց տվեց վահանաձև գեղձի վիրահատությունից մնացած տգեղ սպին: Էլիզը դառնացած խոստովանեց, որ որդիներն հազիվ են ծայրը – ծայրին հասցնում, և դա է պատճառը, որ իր ամբողջ հագուստն ու նույնիսկ օծանելիքը գնվել են ոչ թե կարգին խանութից, այլ սեքնդ – հենդից, քաշով: Իսկ Սուսանն էլ ինքնամոռաց բողոքում էր քաղաքաբնակ ամբարտավան սկեսրոջից. «Փնթփնթան պառավը երեսովս է տալիս իմ գյուղական ծագումը, իսկ ինքը ռյուկզակի փոխարեն լուգզագ է ասում»:
-Դու ականջներին սագի յուղ քսիր, գուցե սիրտը փափկի,- ընդհանուր ծիծաղի ներքո խորհուրդ տվեց Սիլվիան:
Պարբերաբար նրանցից մեկը աչք էր ածում ականջակալների տակ և մնացածներին հայտնում, որ սագի յուղը զրո արդյունք է տվել:
-Մի՞թե դու հույս ունեիր, որ արդյունք կտա,- ամեն անգամ հարցնում էր Սոֆյան և, լսելով հակառակ հավաստիացումը, գավաթները նոր գինի էր լցնում:
Ցրվեցին կեսգիշերին մոտ՝ գոհանալով հոգին ջերմացնող շփումից, վերջապես ներելով Սիմոնին, միմյանց և իրենք իրենց:
Գերեզմանոցում նրանցից յուրաքանչյուրը դագաղի մեջ դրեց հիշատակ ստացած իր զարդը: Սիլվիան մատնեմատից հանեց նշանի մատանին և մտցրեց ամուսնու ճկույթը՝ խոստանալով շուտով հետևել նրան:
Հուղարկավորությունը խատուտիկի բմբուլի պես թեթև ու լուսավոր ստացվեց:
Ռուսերենից թարգմանեց Կարլ Յալանուզյանը