Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Մալաքյանն այսօր առաջին մարզումն է անցկացրել Չեսկե Բուդյովիցե քաղաղի «Դինամո» թիմում: Armsport.am-ը կարճ զրույց է ունեցել 22-ամյա կիսապաշտպանի հետ:
- Օրերս Չեսկի Բուդյովիցե քաղաքը ներկայացնող թիմի շարքերը համալրել է նաև Հրայր Մկոյանը, իսկ երեկ հայտնի դարձավ, որ առաջիկա ամիսներին դու էլ ես ելույթ ունենալու այդ թիմում: Պատահականությո՞ւն է, թե ձեր տրանսֆերները կապ ունեն իրար հետ:
- Այս ակումբից ես ավելի վաղ ունեի առաջարկ: Հունվարին նրանք ցանկություն էին հայտնել տեսնել ինձ իրենց կազմում: Պլզենի «Վիկտորիան», որին պատկանում է իմ տրանսֆերը, որոշ ժամանակ ինձ հետ քննարկում էր առաջարկը: «Վիկտորիա» ակումբի հետ զրուցելիս ես նշեցի, որ չեմ ցանկանում փոխարինման դուրս գալ և ինձ խաղային պրակտիկա է պետք... Պետք է խաղաս, որ կարողանաս առաջընթաց ունենալ, իսկ խաղային պրակտիկայի բացակայությունը ոչ մի լավ բանի չի կարող բերել:
Այդպես որոշում կայացվեց, որ վարձավճարով մինչև ամառ տեղափոխվեմ «Դինամո»: Իսկ Մկոյանի տրանսֆերի հետ իմն ուղղակի համընկնավ: Իհարկե, ես ուրախացա, երբ տեղեկացա, որ Հրայրը ևս այս ակումբում է հանդես գալու:
- Արդեն հասցրել ես ծանոթանալ նոր թիմին: Նորեկներ շա՞տ կան «Դինամոյում»:
- Այո, արդեն ծանոթացել եմ, իսկ այսօր առավոտյան մասնակցեցի առաջին մարզմանը: Թիմի խաղացողները և մարզիչը շատ լավ ընդունեցին: Ինձ հետ «Վիկտորիայից» ևս մեկ խաղացող է վարձավճարով տեղափոխվել «Դինամո», կա ևս մեկ նորեկ, Մկոյանի մասին արդեն խոսեցինք... Թիմի առջև խնդիր է դրված պահպանել տեղը բարձրագույն խմբում:
- Ներկայումս «Դինամոն» 15 միավորով ընթանում է նախավերջին տեղում: Իրատեսական համարո՞ւմ ես բարձրագույն խմբում մնալը:
- Ամեն ինչ կախված է մեզանից: Իհարկե, «Դինամոն» չես համեմատի «Վիկտորիայի» հետ, սակայն այն իր կարողություններով չի զիջում բարձրագույն խմբի մի շարք թիմերի: