Շաքարային դիաբետն ու զարկերակային գերճնշումը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից են, որոնց դեմ ամբողջ աշխարհում պայքարում են միլիոնավոր մարդիկ: Նման խնդիրների դեպքում մարդիկ պետք է ամեն օր ընդունեն համապատասխան դեղամիջոցներ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ կորոնավիրուսային վարակի պանդեմիայի (համավարակ) ֆոնին այդ դեղամիջոցներից որոշները կարող են շատ լուրջ խնդիրներ առաջացնել:


Ինչպես գրում է medikforum.ru կայքը, զարկերակային գերճշումով ու շաքարային դիաբետով հիվանդների մոտ շատ ավելի բարձր է կորոնավիրուսով վարակվելու դեպքում ծանր և անգամ մահացու ախտանշաններին բախվելու հավանականությունը: Ընդ որում՝ այս դեպքում խնդիրը բարդանում է ոչ թե տվյալ հիվանդության առկայության պատճառով, այլ ընդունվող դեղամիջոցների:

Այս դեպքում խոսքը անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ինհիբիտորների (ACE-I) և անգիոտենզինի ընկալիչների արգելակիչների մասին է, որոնք փոխում են մարդու բջիջների ձևը, ինչի հետևանքով կորոնավիրուսային վարակի հարուցիչի համար օրգանիզմ ներթափանցելն ավելի հեշտ է լինում: Ինչպես ցույց է տվել բրիտանացի գիտնականների անցկացրած հետազոտությունը, այս ամենի հետևանքով հիվանդության ընթացքը շատ ավելի ծանր է լինում:


Մասնագետների խոսքով՝ այս դեղամիջոցները շատ տարածված են, քանի որ դրանց օգնությամբ միլոնավոր մարդիկ վերահսկողության տակ են պահում իրենց առողջական վիճակը շաքարային դիաբետի կամ զարկերակային գերճնշման դեպքում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսը միանում է մարդու բջիջներին և վարակում է դրանք:

Միևնույն ժամանակ մասնագետները հորդորում են շաքարային դիաբետով ու զարկերակային գերճնշումով հիվանդներին շարունակել պարբերաբար ընդունել անհրաժեշտ դեղորայքը, իսկ կասկածների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկին: Փորձագետների խոսքով՝ հետազոտությունը դիտորդական է, ուստի չի ապացուցում, որ այս դեղամիջոցները հանգեցնում են COVID-19-ի ընթացքի բարդացման: Այն միայն ենթադրում է նման կապի առկայություն, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա:

Բժիշկները նշում են, որ կորոնավիրուսի ռիսկային գործոններից են համարվում տարիքն ու ուղեկցող հիվանդությունները: Թուլացած իմունային համակարգն ու այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են զարկերակային գերճնշումը, ասթման, շաքարային դիաբետը, ուռուցքներն ու այլ քրոնիկ խանգարումները միայն էլ ավելի են բարձրացնում հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը, ուստի հարկավոր է զգոն լինել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցել է 173 000-ից, մահվան դեպքերի թիվը` 6660-ից: ՀՀ-ում այս պահին կա կորոնավիրուսային վարակի հաստատված 30 դեպք: