Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մարտի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացնելու դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Քոչարյանի ազատության հանձնախումբը: «Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հորդորում ենք վաղը չհավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև»,- նշված է հանձնախմբի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Ռոբերտ Քոչարյանին։