«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած այժմ Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ՌՈ օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն է, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Պաշտպանության նախարարությունում Ռազմական ոստիկանության պետի նշանակման հարցում քննարկվում է եւս մեկ թեկնածուի անուն:
Ինչպես հայտնի է, բանակում առկա որոշակի ժամանակահատված առաջացած անկառավարելի իրավիճակի պատճառով աշխատանքից ազատվեց ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը, եւ այժմ այդ կառույցն ունի միայն պաշտոնակատար: Ու մինչ Ալեքսանդր Աղաջանյանը աշխատանքներ է իրականացնում ու փորձում ամեն ինչ անել` ՌՈ պետի պաշտոնին մնալու համար, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ-ում ՌՈ պետի պաշտոնում քննարկվում է նաեւ Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի անունը:
Սակայն նկատենք, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Նահապետյանին ազատել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։
Եվ, ըստ մամուլի հրապարակումների, Նահապետյանի ազատման պատճառը աշխատակիցների բողոքն է եղել։ Եվ, ահա, չի բացառվում, որ ՌՈ պետ նշանակվի հենց Արտակ Նահապետյանը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմն է:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի հետ: «Ես բացարձակ նման խոսակցություններ չեմ ունեցել: Հիմա հանգստանում եմ, ոչ մի բանով չեմ զբաղվում: Եթե հրաման կտան, ապա ես ծառայել եմ 25 տարի, նորից կշարունակեմ ծառայել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում