ՀՀ պաշտպանության նախարարություն են այցելել մի խումբ սփյուռքահայ ուսանողներ, ովքեր մասնակցում են «Հայաստանի բարեգործական ընդհանուր միության» Երևանի ամառային փորձառության շրջանին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Ծրագրի նպատակն է` ուսանողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունը և անկախության ձեռքբերումները:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԱՄՆ-ից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից և Ավստրալիայից ժամանած 29 սփյուռքահայ ուսանողների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է հայկական բանակի կազմավորման փուլերը, գործունեության հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, մանրամասներ Հայաստանի և այլ երկրների միջև ռազմական համագործակցության մասին:
Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, ռազմական կրթության, զինված ուժերում կանանց դերակատարության վերաբերյալ սփյուռքահայ ուսանողներ հուզող հարցերին: